Իլհամ Ալիևը հարկադրված է կտրել այն ճյուղը, որի վրա նստած է. Ֆահրադդին Աբոսզոդա
REX լրատվական գործակալության կայքում հրապարակվել է Ֆահրադդին Աբոսզոդայի «Իլհամ Ալիևը հարկադրված է կտրել այն ճյուղը, որի վրա նստած է նա» խորագրով հոդվածը, որը փոքր կրճատումներով ներկայացվում է ստորև.
«ՆԳՆ-ի` կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը ձեռնամուխ է եղել զանգվածային կալանավորումների` կապված Ադրբեջանի միջազգայի ն բանկի միլիարդավոր դոլարների յուրացման հետ: Օրեր առաջ նման սենսացիոն տեղեկատվություն տարածեցին Բաքվի բազմաթիվ ԶԼՄ-ներ:
Տեղեկատվության համաձայն` տվյալ գործով արդեն իսկ ձերբակալվել է երկրի մոտ 70 ազդեցիկ գործարար (նրանցից 14-ին ազատ են արձակել այն բանից հետո, ինչ նրանք ամբողջովին մարել են բանկերին ունեցած իրենց պարտքերը):
Այդ բոլոր ձեռնարկատերերը տարբեր ժամանակներում խոշոր վարկեր են վերցրել Ադրբեջանի միջազգային բանկից և դրանք յուրացրել են մեքենայությունների բարդ սխեմայի միջոցով: Նրանցից ոմանք ընդհանրապես հրաժարվել են վերադարձնել վարկերը:
Մի շարք աղբյուրներ հայտնել են, որ չվերադարձված գումարների ընդհանուր ծավալը կազմում է 6 միլիարդ մանաթ, ինչը հավասարազոր է երկրի տարեկան բյուջեի 1/3-ին:
Առկա տեղեկատվության համաձայն` այդ բոլոր գործարարները կապված են եղել Ջահանգիր Գաջիևի հետ, որին վաղաժամ պաշտոնանկ արեցին Ազգային անվտանգության նախարարի պաշտոնից (նա այդ պաշտոնում գտնվում էր 2001 թվականի մարտից, իսկ նրա լիազորությունների ժամկետն ավարտվում էր 2015 թվականի հուլիսին):
Հատկանշական է, որ մինչև վերջին պահը իշխանությունների կողմից չի եղել Ջահանգիր Գաջիևին հասցեագրված որևէ դժգոհություն: Չնայած դրան` պաշտոնական վարկածի համաձայն, Գաջիևն իր պաշտոնը թողել է «առողջական վիճակի» պատճառով:
Դրան հաջորդած իրադարձությունները Բաքվում շատերին հարկադրեցին մտածել այն ամենի շուրջ, թե իրականում ինչ է տեղի ունենում երկրում: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Կենտրոնական բանկն ընթացիկ տարվա փետրվարին կտրուկ` 34 տոկոսով, արժեզրկեց ազգային արժույթը և վերադարձ կատարեց երկարժութային զամբյուղին` դոլար/եվրո:
Դա դարձավ իրական, արդյունավետ փոխարժեքի կտրուկ ամրապնդման և այն բանի հանդեպ արձագանքը, որ երկրի արժութային պաշարները նախորդ տարվա հոկտեմբերի դրությամբ առկա 16.4 միլիարդ դոլարից նվազեցին մինչև 11 միլիարդ դոլարի` 2015 թվականի փետրվարի դրությամբ:
Արդյունքում, բնակչությունը մեկ ժամում աղքատացավ 1.5 միլիարդ դոլարով: Եթե դրանք հավելենք Բաքվում առաջիկա Ամառային (Եվրոպական) խաղերի վրա 8-10 միլիարդ դոլարի անմիտ ծախսերը, որոնք կազմակերպվել են «երկրի իմիջի (կարելի է համարել իշխող ընտանիքի) բարձրացման» նպատակով, ապա ստացվում է, որ երկրի ֆինանսական համակարգն արդեն իսկ մոտ է կրախին:
Իշխանամետ ԶԼՄ-ներն անմիջապես վերոնշյալ կալանավորումները շաղկապեցին նախագահ Իլհամ Ալիևի կոնկրետ հանձնարարականի հետ` ուղղված երկրի բանկային սեկտորում մեքենայություններին վերջ դնելուն և անգամ տեղի ունեցածը համեմատեցին 1970-ական թվականների սկզբին կոռուպցիայի դեմ Հեյդար Ալիևի իրականացրած հայտնի կամպանիայի (իրականում` իմիտացիայի) հետ:
Սակայն դա մեղմ ասած այդպես չէ, թեև նման հանձնարարական իսկապես տրվել է: Դրա պատճառն այն է, որ Ադրբեջանում, ուր նախագահը տեղյակ է ամեն ինչից, չէր կարող լինել այնպես, որ Իլհամ Ալիևը տեղեկացված չլիներ այդ ամենի մասին: Սակայն չգիտես ինչու նա ավելի վաղ չի պահանջել պատժել պարտապաններին:
Դա տեղի չի ունեցել նրա համար, որ այդ բոլոր անձինք ներկայացնում են նրա մերձակա շրջապատը: Այդ անձինք հենց պետության բարձրագույն ղեկավարությանը մոտ կանգնած լինելու շնորհիվ անսահմանափակ ձևով կարողացել են օգտվել էժան վարկերից և ոչ միայն դրանից:
Այն, որ Իլհամ Ալիևը հենց հիմա է հարկադրված գնալ նման ծայրահեղ քայլի` փաստացիորեն կտրելով այն ճյուղը, որի վրա նստած է նա, հաստատում է երկրի ֆինանսական (և ոչ միայն) համակարգի կրախի մասին վերոնշյալ պնդումների ճշմարտացիությունը:
Իրականում Իլհամ Ալիևը հարկադրված է յուրահատուկ սեփականազրկություն իրականացնել այս անգամ գործարարների հանդեպ` բյուջեի ճեղքերը փակելու համար չգտնելով այլ աղբյուրներ: Այս հարցն ունի ևս մեկ կարևոր կողմ, որի վրա գիտակցաբար աչք են փակում Բաքվի կիսապաշտոնական մարմինն ու նրա շահերը սպասարկող ԶԼՄ-ները:
Չէ՞ որ այս անգամ բռնագրավման տակ են հայտնվել «յուրայինները», այսինքն նրանք, որոնք այս կամ այն չափով կապված են իշխող կլանի հետ: Դա խոսում է այն մասին, որ հետագայում պետք է ակնկալել ներկլանային տարբեր խմբավորումների դեմ գաղտնի պայքարի թեժացում, ինչը կարող է երկրի իշխանությունների համար հանգեցնել բավական տխուր հետևանքների:
Այդ իմաստով, գործարարների կալանավորումները սառցալեռան (այսբերգի) միայն մեկ, տեսանելի կողմն են, որի վրա իշխանությունները գիտակցաբար շեշտադրում են կատարել` թաքցնելու համար հարցի երկրորդ, հիմնական կողմը:
Բանն այն է, որ Ադրբեջանի Հանրապետությունում չեն կարող լինել «կողմնակի» օլիգարխներ, որովհետև եթե վերցնենք տեղական օլիգարխիայի վերնամասը, ապա դրա գրեթե բոլոր ներկայացուցիչները կառավարության ու նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ են:
Օրինակ, ադրբեջանցի միլիարդատերերի մասին Forbes-ի հայտնի ցուցակում միայն մեկ մարդ` Հաջի Իբրահիմ Նեհրամլին (Avesta կոնցեռնի նախագահ) է ձևականորեն համարվում գործարար և որևէ պաշտոն չի զբաղեցնում իշխանական հիերարխիայում (նրա հարազատ եղբայր Նազիմ Իբրահիմովը սփյուռքի հարցերով պետական կոմիտեի ղեկավարն է և միաժամանակ երկրի խոշորագույն օլիգարխներից մեկը):
Մնացյալ բոլորը կառավարության նախարարներ են, իսկ ցուցակը գլխավորում է հենց նախագահ Իլհամ Ալիևը: Ավելի ցածր մակարդակի օլիգարխները նույնպես իշխող կլանի անդամներ են, ծայրահեղ դեպքում` նրանց մերձակա ազգականները, ինչը լիովին հասկանալի է ներկայիս ադրբեջանական իրականությունում:
Վերոնշյալ Հաջի Իբրահիմ Նեհրամլին Ադրբեջանի Միջազգային բանկից ստացել է 850 միլիոն դոլարի վարկ` իր միֆական Khazar Islands-ի (Կասպից ծովում ծրագրված արհեստական կղզիներ) համար, որոնց կառուցումը գնահատվում է 100 միլիարդ դոլար:
«Կովկաս» լրատվական գործակալության հաղորդմամբ` կալանավորված գործարարների մեծ մասը Առևտրի, կոմերցիայի ու արդյունաբերության եվրոպական պալատի (EEIG) անդամներ են: Գործակալության տվյալներով` տարբեր պատճառներով Ադրբեջանից հեռացած գործարարները դառնում են այդ կազմակերպության անդամներ, ուր նրանք անցնում են «ռեաբիլիտացման (վերականգնման) գործընթաց», ինչից հետո հնարավորություն են ստանում վերադառնալ երկիր:
Դրա համար նրանցից յուրաքանչյուրը տարեկան վճարում է 10.000-ական եվրո անդամավճար: Իրականացված կալանավորումները վկայում են այն մասին, որ իշխող ընտանիքն այժմ նեղացնում է իր շրջապատը և սկսում է վստահել նրանցից ամենաստուգվածներին:
Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ պետության սահմանային անցակետերում խստացվել է վերահսկողությունը: Օդանավակայանում գործող «Հատուկ վերահսկման խմբին» տրվել են հատուկ լիազորություններ, որպեսզի նա ստուգի, հարցաքննի և անգամ թույլ չտա երկիրը լքել այն գործարարներին ու նրանց մոտ ազգականներին, որոնց անունները ներառված են «սև ցուցակում»:
Հատուկ ուշադրություն է հատկացվում այն անձանց, ովքեր ցանկանում են մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Տվյալ գործով ստեղծվել է հետաքննման համատեղ խումբ, որում ներառվել են ՆԳՆ-ի ու Հանրապետական դատախազության քննիչները: Կալանավորման դեպքերը շարունակվում են:
Ադրբեջանական ԶԼՄ-ները տարբեր կերպ են գնահատում տեղի ունեցածը: Ինչ-որ մեկը պնդում է, որ իրականացվում է իշխանությունների համար խնդիրներ ստեղծող «ռիսկային խմբի» շղթայի վնասազերծում, մյուսները գրում են բիզնեսին տրվող երաշխիքների դադարեցման մասին, ինչը վերաբերում է անգամ նրանց, ովքեր աշխատել են իշխանությունների հովանու ներքո:
Տնտեսագետ Նատիգ Ջաֆարլին կարծում է, որ ավելի վաղ տեղի ու օտար գործարարները նախընտրում էին գտնել «հովանի» և սկսել գործը, սակայն այժմ այդ սխեման էլ չի աշխատում: Նա վստահ է, որ սա միայն սկիզբն է, և որ պատերազմը միայն նոր է ծավալվում:
Քաղաքագետ, Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության նախկին աշխատակից Առասթուն Օրուջլուն վստահ է, որ սա կատարելապես նորմալ երևույթ է ներկայիս Ադրբեջանի իրականության համար, և որ կալանավորուիմների պատճառները կատարելապես տարբեր են:
Նա հիշեցրել է, որ պետությունը հանդիսանում է Ադրբեջանի միջազգային բանկի համահիմնադիր, ինչի համար էլ չի կարելի հավատալ նրան, որ տեղի ունեցածը դուրս է մնացել պետական մարմինների ուշադրությունից: Նրա կարծիքով` ներկայումս գործին միջամտել է նաև քաղաքական գործոնը.
«Դրանում հատուկ դեր է խաղացել տնտեսական ճգնաժամը: Մենք գիտենք, որ ներկայումս Ադրբեջանում ճգնաժամային իրավիճակ է, իշխանությունները չեն կարող ծածկել պետական բյուջեի դեֆիցիտը և հետևաբար անհրաժեշտ է ձեռնարկել կոշտ միջոցներ: Սակայն ես չեմ բացառում, որ այդ կալանավորումների հետևում կարող են ի հայտ գալ քաղաքական ինչ-ինչ ենթատեքստեր:
Հնարավոր է` կալանավորվի նաև նախարարներից որևէ մեկը: Չէ՞ որ, մենք հիանալի գիտենք, որ ձերբակալված ձեռնարկատերերն ինքնուրույն (անկախ) չեն: Մեր երկրում գործում է բուրգերի համակարգը, որում ձերբակալված ու կալանավորված գործարարները կազմում են միջին օղակը»:
Ադրբեջանում հայտնի իրավաբան ու հասարակական գործիչ Ասլան Իսմաիլովի խոսքերով` Ադրբեջանում, ուր այսօր ղեկավարում են ազգակցական կապերի սկզբունքով, անգամ Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամները գործնականում չեն կարողանում ստանալ 3000-3500 մանաթի վարկ:
Նա վստահ է, որ դրանից կտուժեն ոչ միայն գործարարները, այլև հասարակությունը կհայտնվի անդունդում: Մնում է այդ բառերին հավելել այն, որ այդ իրադարձությունը ապացուցում է ընդհակառակը, որ Ադրբեջանն ազգակցական կապերի սկզբունքով կառավարման այդ մոդելի պատճառով վաղուց ի վեր հայտնվել է անդունդի եզրին: Մնում է միայն սպասել, թե երբ տեղի կունենա անդունդը գլորվելը»:
Տեղեկանք – Ադրբեջանի միջազգային բանկը հիմնվել է 1992 թվականի հունվարին: Բանկի գլխավոր բաժնետերն Ադրբեջանի կառավարությունն է` հանձինս ֆինանսների նախարարության, որին պատկանում է բաժնետոմսերի 50.2 տոկոսը, իսկ մնացյալ 49.8 տոկոսը` մասնավոր ֆիզիկական ու իրավաբանական անձանց:
Բանկը երկրի ավելի քան 40 քաղաքներում ունի 36 մասնաճյուղ և 95 սպասարկման կետ: Բանկը նաև իր մասնաճյուղերն ունի այլ երկրներում: Ներկայումս նա զբաղեցնում է Ադրբեջանի բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալի 39 տոկոսը: Բանկին է բաժին ընկնում Ադրբեջանում տրված բոլոր վարկերի 60 տոկոսը: