Բաժիններ՝

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանում է հունվար-ապրիլի մակրոտնտեսական ցուցանիշները

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված (2015թ. մայիսի 20-ի դրությամբ) նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն, 2015 թվականի հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 2.7%: Միաժամանակ, ապրիլ ամսվա ՏԱՑ-ը մարտի նկատմամբ կազմել է 3.4%, իսկ ապրիլը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ` 3.2%:

Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են բոլոր ճյուղերը, բացառությամբ առևտրի շրջանառության, որը կրճատվել է 7.6%-ով: Ծառայությունների աճը կազմել է 3.1%, գյուղատնտեսության աճը` 4.8% և շինարարության աճը` 0.5%:

Արդյունաբերության աճը հունվար-ապրիլին կազմել է 4.2%, իսկ ապրիլ ամսին նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ 10.6%: Արդյունաբերության աճի ցուցանիշի վրա շարունակում է զսպող ազդեցություն ունենալ էներգետիկայի ոլորտի բացասական ցուցանիշը(1): Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաշվարկերի` արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսն առանց էներգետիկայի ապրիլ ամսին կազմել է 110.3%, իսկ հունվար-ապրիլին` 107.5%:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքների համաձայն, աճ է գրանցվել և´ հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման, և´ մշակող արդյունաբերության ճյուղերում` համապատասխանաբար 26.9% և 4.8%: Ընդ որում, պղնձի և մոլիբդենի համաշխարհային գների նվազման պարագայում ավելացել են թե´ արտադրության և թե´ արտահանման ծավալները:

mineconomy-macro
(1) Էլեկտրաէներգիայի արտադրության նվազումը որոշակի դանդաղման միտում է ցուցաբերում: 2015թ. հունվար-ապրլին արձանագրվել է -8.0%` հունվար-մարտի –12.6%-ի դիմաց:

Անցկացված մոնիտորինգի տվյալներով մշակող արդյունաբերությունում թողարկման աճ (անվանական աճ) է գրանցվել մի շարք ենթաճյուղերում: Մասնավորապես` էլեկտրատեխնիկայում աճի տեմպը կազմել է 153.9%, ծխախոտի և ծխախոտե արտադրատեսակների արտադրությունում` 137.0%, սարքաշինությունում` 113.6%, մետալուրգիայում` 120.2%, ակնագործության մեջ` 111.0% մեքենաշինությունում` 113.6%, քիմիական արդյունաբերությունում` 100.9%: Ընդ որում, վերը նշված ճյուղերի գծով գրանցվել է նաև արտահանման ծավալների աճ:

Թեև մշակող արդյունաբերության մի քանի ենթաճյուղերի գծով նվազում է գրանցվել, այնուամենայնիվ արտադրության ծավալների թե´ աճողական և թե´ ամսական դինամիկայի դիտարկումը ցույց է տալիս, որ նվազումը կայուն դանդաղում է: Մասնավորապես` թեթև արդյունաբերությունում հունվար-ապրիլին գրանցվել է -4.1% նվազում, հունվարի` -48.6%, հունվար-փետրվարի` -23.0%, հունվար-մարտի -5.1% դիմաց: Խմիչքների արտադրությունում, չնայած արդյունքների դեռևս տատանողական բնույթի, ամսական և աճողական աճի ցուցանիշների մասով նկատվում է անկման մակարդակի դրական տեղաշարժ: Այսպես, հունվար-ապրիլին արձանագրվել է -34.9 %, հունվարի` -46.7%, հունվար-փետրվարի` -39.6% և հունվար-մարտի -40.6% դիմաց: Միայն ապրիլ ամսվա աճը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ կազմել է -19.7%, երբ հունվար ամսվա նույն ցուցանիշը -56.7% էր, փետրվարը` -33.0%, իսկ մարտը -40.2%: Ինչ վերաբերում է սննդի արդյունաբերությանը, ապա պատկերը դեռևս տատանողական է` չնայաց չորս ամսվա տվյալներով գրանցվել է -3.3%` հունվար-մարտի -4.1% դիմաց, իսկ միայն ապրիլին -1.5%` մարտի -10.8% դիմաց:

Հարկ է նշել, որ թե´ արդյունաբերության և թե´ ընդհանուր տնտեսության զարգացման առումով Հայաստանի տնտեսության համար առավել դժվար ժամանակահատված գրեթե միշտ էլ եղել է առաջին եռամսյակը: Առաջին եռամսյակից հետո հաջորդող միայն մեկ ամսվա տվյալները դեռևս բնութագրական չեն: Այնուամենայնիվ, ապրիլին նկատելի է նախորդ տարիների միտումների շարունակումը, ինչը դրական սպասումներ է առաջացնում երկրորդ եռամսյակի և կիսամյակի կտրվածքով:

Ինչ վերաբերում է առևտրի շրջանառության -7.3% նվազմանը, ապա նշենք, որ ինչպես և բոլոր տնտեսական ցուցանիշները, այդ թվում նաև առևտրի շրջանառության ցուցանիշի դրական կամ բացասական լինելը, հարկ է դիտարկել ժամանակային որոշակի ավելի մեծ հատվածում (օրինակ` 6 ամիս, 9 ամիս, տարի), որպեսզի հնարավոր լինի դիտարկել նախորդ տարվա ժամանակահատվածների համեմատությամբ ցուցանիշների աճի կամ նվազման վրա ազդող արտաքին և ներքին գործոնների սեզոնային և վարքագծային փոփոխությունների ազդեցությունները ևս: Առևտրի շրջանառության ցուցանիշի նվազման վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ընդհանրական դիտարկումները կարելի է տեսնել նախարարության կայքէջում /2015 թվականի հունվար-մարտ/:

Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 31.5%-ով, սակայն հարկ է նկատի ունենալ, որ արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջական չեն: Տեղեկատվության ոչ ամբողջականությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի թիվ 447-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված «Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձև»-ի` դեռևս ոչ բոլոր սուբյեկտների կողմից մաքսային մարմիններին տեղեկատվության ներկայացման հետ, քանզի դրանց ներկայացման էլեկտրոնային համակարգը Հայաստանի Հանրապետությունում սկսել է գործարկվել ապրիլի վերջին: Այնուամենայնիվ, կարելի է նշել, որ արտահանման բացասական ցուցանիշը դանդաղման միտում ունի: Հունվար-ապրիլին արտահանումը նվազել է 18.8%-ով, հունվար-մարտի 23.1% նվազման դիմաց:

Միաժամանակ, 2015 թվականի հունվար-ապրիլ ամիսների համար ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի տվյալների համաձայն` արդյունաբերության ոլորտների ընկերությունների կողմից արտահանվել է մոտ 303.2 ԱՄՆ դոլարի արտադրանք, այդ թվում` ԱՊՀ երկրներ արտահանվել է 28.0 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

2015թ. հունվար-մարտին արտահանման ցուցանիշների դիտարկումն ըստ առանձին երկրների ցույց է տալիս, որ ՀՀ-ից մի շարք ԵՄ երկրներ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճ է նկատվել: Մասնավորապես` Ավստրիա 50.7%-ով` կազմելով 0.56 մլն ԱՄՆ դոլար, Հունաստան 31.3 անգամ` կազմելով 0.44 մլն ԱՄՆ դոլար, Իտալիա 31.6%-ով` կազմելով 9.55 մլն ԱՄն դոլար, Միացյալ Թագավորություն 5.7 անգամ` կազմելով 1.28 մլն ԱՄՆ դոլար, Իսպանիա 22.6 անգամ` կազմելով 0.24 մլն ԱՄՆ դոլար:

2015 թվականի հունվար-մարտ ամիսներին արտահանման աճ է նկատվել նաև մի շարք այլ երկրների մասով, մասնավորապես` Ճապոնիա` 35.2 անգամ` կազմելով 3.33 մլն ԱՄՆ դոլար, Վրաստան` 26.8%-ով` կազմելով 23.1 ԱՄՆ դոլար, Իրաք` 42.9 %-ով` կազմելով 28.3 մլն ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս