Արդյո՞ք Դավութօղլուի «արդար հիշողություն» դրույթն արդարություն կբերի
2011թ. Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կոչ արեց հայերին Ցեղասպանության խնդիրը կարգավորել «արդար հիշողության» սկզբունքի միջոցով: «Turkish Policy Quarterly» ամսագրում հեղինակած իր հոդվածում Դավութօղլուն նշում է, որ անարդար է ողբերգական իրադարձությունները դնել երկկողմ հարաբերությունների կենտրոնում:
«Guardian» թերթում լույս տեսած իր հաջորդ հոդվածում Դավութօղլուն պնդում է, որ ոչ միայն հայերն ու քրիստոնյաներն են տուժել տվյալ պատմական ժամանակահատվածում: «Թեպետ արևմտյան պատմությունը մեզ է հասցրել զոհված և ունեզրկված Օսմանյան քաղաքացիների տառապանքները, Օսմանյան մահմեդականների ահռելի տառապանքները Թուրքիայից դուրս մատնվել են անուշադրության»,- նշում է հեղինակը՝ հավելելով, որ Թուրքիան առաջարկել է ստեղծել համատեղ հանձնաժողով` այսպես կոչված՝ «արդար հիշողություն» կառուցելու նպատակով:
Սկսենք նրանից, որ «արդար հիշողությունը» բավական անհստակ դրույթ է: Այն հիմնվում է Արևմուտքի ու իսլամի անհամատեղելիության մասին՝ Դավութօղլուի ընկալման վրա: Իր դոկտորական ատենախոսության մեջ հեղինակը պնդում է, որ «Արևմտյան ու իսլամական քաղաքական մտքի հակամարտությունն ու հակասությունները սերում են փիլիսոփայական, մեթոդաբանական, տեսական անհամատեղելիությունից, ոչ թե սոսկ ինստիտուցիոնալ ու պատմական տարբերություններից»:
Ավելորդ է ասել, որ այս ծայրահեղ հարաբերական մոտեցումը պատմագրության հանդեպ հավասարազոր է պատմության մերժմանը՝ որպես ակադեմիական բնագավառի:
Իրականությունը, սակայն, այլ է:
Հայոց ցեղասպանությունը համաշխարհային պատմության մաս է, ներառյալ՝ իսլամական քաղաքակրթությունը: Հայերի կոտորածների մասին առաջին հիշատակություններից մեկը վերաբերում է մահմեդական ականատես, հայտնի իրավաբան Ֆայիզ ալ Հուսեյնին, ով դեռևս 1916թ. հրատարակեց «Կոտորածները Հայաստանում» աշխատությունը: Երեք տարի անց մեկ այլ ականատես` Հասան Ամջան, ով ծառայում էր Թալեաթ Փաշային, հետևյալ կերպ է նկարագրում իրադարձությունների թուրքական ընկալումը.
«Եթե դուք հարցնեք հասարակ թուրքին, նա կասի՝ «Ես վերադարձա պատերազմից: Իմ հարևան Ավետիս աղան, Նիկողոս Չորբաջըն և այլք թալանվել ու քշվել էին Արաբստան ու այլ վայրեր»»:
Այսպիսով, ի հեճուկս Դավութօղլուի պնդումների, մահմեդական և թուրքական պատմույթները հստակ հիշատակում են՝ ինչ է տեղի ունեցել հայերի հետ:
Դավութօղլուի դրույթի մեկ այլ բացթողում է հանդիսանում իրողությունը, որ կոլեկտիվ հիշողությունը նախապայման չէ հանցանքի որոշման համար: 1948թ. ցեղասպանություն հանցագործության կանխարգելման ու պատժման մասին կոնվենցիան ցեղասպանությունը բնորոշում է՝ որպես ցանկացած քայլ, որը հատուկ մտադրությամբ իրագործվում է ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբին լիովին կամ մասնակի ոչնչացնելու ուղղությամբ:
Կոնվենցիան չի նախատեսում, թե զոհերն ու հանցագործները պետք է կիսեն նույն հիշողությունը տվյալ իրադարձության վերաբերյալ: Այլ կերպ ասած` Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը կամ Ռուանդայի ցեղասպանությունը չեն դադարի հանցանք լինելուց՝ անգամ, եթե դրանց մասին հիշողությունը փոփոխվի:
Հեղինակի դրույթի երրորդ թերությունն այն է, որ Դավութօղլուն չի նշում՝ արդյո՞ք թուրքական կորուստների ճանաչումը հայկական կողմից կբերի «արդար հիշողության»: Ենթադրենք, Հայաստանի կառավարությունը ցավակցում է Առաջին աշխարհամարտում զոհված թուրքերի հետնորդներին:
Արդյո՞ք պատերազմական ժամանակ թուրքերի տառապանքների ճանաչումը թեթևացնում է Ցեղասպանության հանցանքը: Ահա այն հարցերը, որոնց Դավութօղլուն խուսափում է պատասխանելուց:
Վերջապես, Դավութօղլուն աչք է փակում հեղինակավոր պատմաբանների եզրակացությունների վրա: 2005թ. ի պատասխան Թուրքիայի կառավարության առաջարկի` ստեղծել հայ-թուրքական հանձնաժողով ճշմարտությունը պարզելու համար, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան զգուշացրեց վարչապետ Էրդողանին, որ այդ ժխտողական մոտեցումը հավասարազոր է քարոզչության:
«Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարող են լինել տարբեր մեկնաբանություններ` ինչու այն տեղի ունեցավ և ինչպես, բայց ժխտել այն՝ որպես փաստական ու բարոյական իրողություն, նշանակում է՝ ոչ թե զբաղվել գիտությամբ, այլ պրոպագանդայով, որի նպատակն է՝ արդարացնել հանցագործին, մեղադրել զոհին ու ջնջել պատմության բարոյական նշանակությունը»,- նշվում է նամակում:
Այսպիսով, Դավութօղլուի «արդար հիշողություն» դրույթն արդարության ու պատմագիտության հետ ոչ մի կապ չունի: Ավելին, այն ժխտողականության հերթական փորձն է: Իսրայելի Հոլոքոստի ու ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն Իսրայել Չարնին այն բնորոշում է՝ որպես «գիտականության շահագործում՝ հանուն շփոթմունքի», որն արտահայտվում է գիտական սկզբունքի չարաշահումով, թե փաստերը պետք է ապացուցված լինեն ընդունելի լինելու համար` նպատակ ունենալով թաքցնել փաստերը, որոնք իրականում հայտնի են:
Չունենալով որևէ գիտական ու իրավական հիմք` «արդար հիշողություն» դրույթը պետք է մերժվի՝ որպես Ցեղասպանությունը ժխտելու գործիք` հատկապես, երբ Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնապես հաստատում է, որ հայերի հետ հաշտվելու քայլերը հանդիսանում են Հայոց ցեղասպանության դեմ պայքարի ռազմավարության մաս:
Անդրանիկ Իսրայելյան
Անդրանիկ Իսրայելյանը միջազգայնագետ է, ունի պատմական գիտությունների թեկնածուի աստիճան: Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է «Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ԱԶԿ-ի կառավարման տարիներին (2002-12թթ.)» թեմայով` ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում:
Հոդվածը տպագրվել է նաև անգլերեն լեզվով «Ասբարեզ» օրաթերթում: