Մարգարիտ Եսայանը համաձայն չէ Գևորգ Կոստանյանի ներկայացրած հաղորդման հետ
Այսօր ԱԺ նիստում ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը չհամաձայնեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ներկայացրած հաղորդման հետ, թե դատախազությունում կոռուպցիայի և ոչ պրոֆեսիոնալիզմի նվազում կա:
«Ե՛վ կոռուպցիա կա, և՛ պրոֆեսիոնալիզմի պակաս կա: Դրա վկայությունը ՄԻԵԴ ուղղվող դիմումներն են, որոնք մեծամասամբ կատարվում են և ՀՀ-ն ֆինանսական լուրջ փոխհատոցում է տրամադրում քաղաքացիներին»,- ասաց Մ.Եսայանը՝ հարցնելով, թե հնարավո՞ր չէ, որ դատավորները նման որոշումներ չկայացնեն, որպեսզի «գործը չհասնի եվրոպաներ»:
«Մտահոգիչ ոչինչ չկա,- վստահերցեց Կոստանյանն ու շարունակեց,- Դիմումների քանակը համադրելիս մյուս երկրների հետ՝ մտահոգիչ չի, օրինաչափության մեջ է: Դիմումների քանակի ավելացմամբ վճիռների քանակը նվազել է, դիմումների փաստը դեռևս չի խոսում խախտման քանակի ավելացան մասին»:
Ըստ գլխավոր դատախազի՝ 2002թ. ապրիլից 55 վճիռ է եղել ՀՀ դեմ, իսկ Ադրբեջանի դեմ վճիռները 105-ն են, Մոլդովայի դեմ՝ 2 անգամ ավելի շատ, և նույնը վերաբերում է փոխհատուցման չափին: Կոստանյանի խոսքով՝ ՀՀ դեմ ներկայացված դիմումների գումարը 15 միլիոնը գերազանցել է, բայց փաստացի 802 հազար դոլարի փոխհատուցման փաստ է եղել, որից 300 հազարը ՀՀ բյուջեի հաշվին չի բավարարվել: