Իլհամ Ալիևը Դոնալդ Տուսկին հրավիրել է Ադրբեջան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ Տուսկը Բաքվում բազմաբնակարան շենքի հրդեհի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ ցավակցել է Իլհամ Ալիևին, ով ի դեպ, հրաժարվել է մասնակցել Ռիգայում կայացող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին:

Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են ԵՄ-ի ու Ադրբեջանի հարաբերություններին առնչվող հարցեր: Ընդգծվել է, որ դրանք հաջողությամբ զարգանում են քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և մյուս ոլորտներում:

Բացի այդ, Տուսկն ու Ալիևը կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած հարցերի շուրջ: Իլհամ Ալիևը Դոնալդ Տուսկին հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Ադրբեջան: Տուսկն ընդունել է հրավերը:

Տեսանյութեր

Լրահոս