Բազմակողմանի սահմանադրական բարեփոխումը կարող է իրականացվել միայն հասարակության ներսում լայն կոնսենսուսի հիման վրա. Հերմինե Նաղդալյան

ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում այսօր ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր բացման խոսքում կարևորեց Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները՝ նշելով , որ այն նպատակաուղղված է օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների ու ազատությունների համար սահմանադրական երաշխիքների հետագա ուժեղացմանը, լիազորությունների պատշաճ հավասարակշռությանը և հանրային կառավարման արդյունավետության ընդլայնմանը:

Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև՝

«Եվրոպայի խորհուրդը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է: Մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում լայնածավալ բարեփոխումները Հայաստան –ԵԽ հարաբերությունների առանցքն են կազմում:

Հայաստանն իր անդամակցության օրվանից նախաձեռնել է անհրաժեշտ քայլեր՝ իրականացնելու ԵԽ անդամակցությամբ ստանձնած պարտավորություններն ու հանձնառությունները: Հայաստանը վավերացրել է անդամակցությամբ ստանձնած բոլոր կոնվենցիաները, ինչպես նաև, ընդունել կամ ընթացք տվել ներքին օրենսդրությանն առնչվող մի շարք օրինագծերի:

Այսօր Հայաստան-ԵԽ համագործակցությունը ներառում է պարտավորությունների մի ողջ շրջանակ , որոնք Հայաստանի կառավարության առաջնահերթություններից են , այդ թվում՝ մոնիտորինգի մարմինների կողմից ստացված առաջարկություններ և խորհուրդներ:

Համագործակցությունը ներառում է բազմաոլորտ բարեփոխումներ, գործունեության բազմազանություն ՝ դատական համակարգին, խոսքի և մամուլի ազատությանը, ընտրական օրենսգրքին, քրեակատարողական հիմնարկներին, կոռուպցիայի դեմ պայքարին, սոցիալական համախմբմանը, տեղական ինքնակառավարմանը, ինպես նաև, հասարակությունների միջև երկխոսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներին առնչվող: Այս համագործակցությունն իրականացվում է, մասնավորապես, ԵԽ-Հայաստան գործողությունների պլանի շրջանակներում:

Հիրավի, այս բարեփոխումներում մենք գրանցել ենք բովանդակային առաջընթաց, սակայն ժողովրդավարական հասարակության և երկրի կառուցումը շարունակական գործընթաց է և մենք պատրաստ ենք հետևողական ջանքեր կիրառել՝ հասնելու մեր նպատակներին:

Հայաստանը ակտիվորեն ներգրավված է ,,Բաց կառավարման գործընկերության,, նախաձեռնությանը , որը հետապնդում է կառավարման մեջ արդյունավետության, հաշվետվողականության և թափանցիկության խթանման սկզբունքները:

Այս կոնտեքստում մենք մեծ կարևորություն ենք տալիս Սահմանադրական բարեփոխումներին , որը նախաձեռնել ենք Հայաստանում: Այն նպատակաուղղված է օրենքի գերակայության և մարդու իրավունքների ու ազատությունների համար սահմանադրական երաշխիքների հետագա ուժեղացմանը, լիազորությունների պատշաճ հավասարակշռությանը, լավ կառավարման խթանմանը և հանրային կառավարման արդյունավետության ընդլայնմանը:

ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծվել է ՝Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: 2014 թ-ի ապրիլին Հանձնաժողովը հանրապետության նախագահին է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որը հավանության է արժանացել 2015 թ-ի մարտին:

Հայեցակարգի հաստատումից 10 ամիս անց Հանձնաժողովը կներկայացնի Սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

Ի թիվս այլոց, մենք երախտապարտ ենք Եվրոպայի խորհրդին՝ Վենետիկի հանձնաժողովի միջոցով այս գործընթացին իր աջակցությունը ցուցաբերելու համար:

Այս պահին, ունենալով Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որը հավանության է արժանացել նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից, մենք ձեռնարկել ենք գործընթաց՝ խարսխված թափանցիկության սկզբունքի վրա՝ բոլոր շահագրգիռ կողմերին ներգրավելու միջոցով:

Մենք վստահ ենք, որ բազմակողմանի սահմանադրական բարեփոխումը կարող է իրականացվել միայն հասարակության ներսում լայն կոնսենսուսի հիման վրա:

Հանձնաժողովը կոչ է արել բոլոր քաղաքական կուսակցություններին ՝ ներկայացնելու իրենց դիտարկումները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ:

Միաժամանակ, ակտիվ հասարակական քննարկումներ են իրականացվել բոլոր շահագրգիռ կողմերի՝ իրավաբանների, ԶԼՄ-ների, հասարակական, քաղաքական, դատական ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մենք իսկապես հավատում ենք, որ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը ընձեռում է բացառիկ հնարավորություն երկրում բարեփոխումներ իրականացնելու, որոնք չպետք է բաց թողնվեն:

Տիկնայք և պարոնայք, կրկին ողջունում եմ Ձեզ Հայաստանում և հաջողություն մաղթում առաջիկա աշխատանքներին»:

 

Տեսանյութեր

Լրահոս