Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ համբուրգեր ենք ուտում
Սննդի մասնագետ, մի քանի գիտական հոդվածների հեղինակ Քերի Գանսը պարզաբանում է, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ արագ սնունդ ենք ուտում, և ինչ երկարաժամկետ հետևանքներ է թողնում այն մեր օրգանիզմի վրա:
Ուղեղ
Կարմիր մսով բուրգերները պարունակում են ամինաթթուներ, որոնք խթանում են երջանկության հորմոն սերոտոնինի արտազատումը: Ահա թե ինչու՝ երբ արագ սնունդ ենք ուտում, բարձրանում է տրամադրությունը:
Սիրտ
Կարմիր միսը պարունակում է մեծ քանակությամբ հագեցած ճարպեր: Հագեցած ճարպեր պարունակող սնունդ ուտելիս բարձրանում է սրտի հիվանդությունների ռիսկը, այն կարող է նաև մեծացնել քաղցկեղի զարգացման ռիսկը: Բուրգերները, որոնք մեծ քանակությամբ աղ են պարունակում, հեղուկի կուտակման պատճառ են հանդիսանում, ինչն էլ հանգեցնում է այտուցների առաջացման: Այդպիսով սիրտը սկսում է դժվար աշխատել, որի հետևանքով՝ բարձրանում է արյան ճնշումը:
Արյուն
Ըստ կանադական սրտաբանական ամսագրի կողմից 2012թ. արված հետազոտությունների՝ զարկերակներին հսկայական վնաս ենք հասցնում, երբ ուտում ենք գոնե մեկ համբուրգեր: Ժամանակի ընթացքում կարմիր մսի մեջ առկա հագեցած ճարպերը բարձրացնում են վնասակար խոլեստերինի մակարդակը: Կարմիր մսի լավ կողմն այն է, որ այն պարունակում է մեծ քանակությամբ երկաթ, վիտամին B12 և ցինկ, որն ամրացնում է իմունային համակարգը:
Արյան մեջ շաքարի մակարդակ
Համբուրգերի մեջ առկա կարբոհիդրատներն արագ են մարսվում և բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը: Երկար ժամանակ այն ուտելու դեպքում կարող է հանգեցնել 2-րդ տիպի շաքարախտի զարգացման:
Ոսկորներ և մկաններ
Կարմիր միսը հարուստ է պրոտեիններով, որն էներգիայով է ապահովում և օգնում է մկանների ու ոսկորների աճին:
Մարմնի քաշ
Արագ սնունդի կալորիականությունը բարձր է: Ժամանակի ընթացքում ավելորդ կալորիաները հանգեցնում են ճարպակալության, որի պատճառով կարող են լուրջ առողջական խնդիրներ առաջանալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը