ԱՄՆ փոխնախագահը կմասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը

Վաշինգտոնում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հրեական ողջակիզման թանգարան այցելեց, որտեղ ծանոթացավ Հոլոքոսթի պատմությանն ու հարգանքի տուրք մատուցեց զոհերի հիշատակին:

«Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ՝ թանգարանի ավագ խորհրդական Արթուր Բերգերի խոսքով, թանգարանում ներկայացված է Հոլոքոսթի ամբողջ պատմությունը՝ ֆաշիստական ռեժիմի առաջին օրերից մինչև դրա անկումը: «Մենք փորձում ենք մարդկանց պատմության զգացում տալ, պատմել, թե ինչպես է այն տեղի ունեցել», – ասաց նա:

Թանգարանը, սակայն, ներկայացնում է այդ ժամանակաշրջանի ոչ միայն ամենամութ, այլև՝ ամենալուսավոր էջերը: Այսպես, առանձնակի հարգանքով է պահվում Հոլոքոսթի տարիներին հրեաներին փրկած մարդկանց հիշատակը: «Հայերին լավ ծանոթ կլինի, թե որքան բարդ է փրկությունն ապահովել: Իրոք, շատ քչերն էին պատրաստ փրկել, բայց այդ եզակիներն իրոք հերոսներ են», – նշեց Բերգերը:

Իր գրառման մեջ նախագահ Սարգսյանն ընդգծեց. – «Սա մի վայր է, որն իր պատերի ներքո ամփոփում է խորը թախիծ և միաժամանակ հույսի մեծ շող՝ շեշտադրելով անցյալին առերեսվելու առավելությունն ընդդեմ անցյալի ժխտմանն և քողարկմանը»: Սերժ Սարգսյանի կարծիքով՝ թանգարանն անգնահատելի ներդրում է՝ որպես ապահով անցյալի լուռ, բայց` խոսուն երաշխավոր:

Այցի ընթացքում Հայաստանի նախագահին ներկայացվեցին ինչպես հրեաներին փրկած հայերի պատմությունները, այնպես էլ Հիտլերի հայտնի խոսքերով առանձին պատը, որին գրված է. – «Ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածի մասին»:

«Հայաստանի նախագահի այցն անչափ կարևոր է, քանի որ հյուրընկալել Հայաստանի նման եզակի պատմություն ունեցող երկրի նախագահին մեծ պատիվ է: Այս այցը նաև ցույց է տալիս նախագահի հարգանքը մեր նկատմամբ», – նշեց Արթուր Բերգերը:

Այցի ավարտին թողած իր գրառման մեջ Սերժ Սարգսյանը նշեց նաև, որ մարդկության դեմ հանցագործությունների մասին պատմող թանգարանները «հստակ ուղերձ են ներկա և ապագա սերունդներին, որպեսզի միշտ վառ պահեն անցյալի դառը հիշողությունները՝ դրանցից դասեր քաղելու և դրանք սերնդեսերունդ փոխանցելու համար»:

Հիշեցնենք՝ այսօր երեկոյան Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքը, որին հազարավոր քաղաքացիների հետ միասին կմասնակցեն Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաներ ու օրենսդիրներ և որի ընթացքում ելույթով հանդես կգա Հայաստանի նախագահը:

ԱՄՆ-ի փոխնախագահի գրասենյակից «Ամերիկայի Ձայն»-ին հայտնեցին, որ Ազգային մայր տաճարում կայանալիք միջոցառմանը ներկա է լինելու Միացյալ Նահանգների երկրորդ ամենաազդեցիկ պաշտոնյան՝ փոխնախագահ Ջո Բայդենը:

Տեսանյութեր

Լրահոս