Ով է Գոհար Ենոքյանը

Անցնող շաբաթվա տնտեսական ամենացնցող լուրն ամենևին էլ արտագնա աշխատանքի մեկնողների նոր հարկատեսակի հաստատման փորձը չէր: Ձերբակալվել է Հայաստանի տնտեսության ամենապինդ ու ամենաինքնատիպ գործիչներից մեկը` Գոհար Ենոքյանը: Նոր սերունդը նրան հիմնականում ճանաչում է` որպես քաղաքական գործիչ: Նախորդ գումարման ԱԺ-ում նա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ էր: 73-ամյա կնոջ ձերբակալությունը երիտասարդների համար տարօրինակության աստիճան դաժանության դրսևորում է:

Իսկ մեր քաղաքական գործիչներից ՀՀ ԱԺ 37 պատգամավոր իր մեջ ուժ գտավ տիկին Ենոքյանի խափանման միջոցը փոխելու միջնորդագիր ստորագրելու համար: Համապատասխան պահանջ-հայտարարություն տարածեց նաև ՀՀ Արդյունաբերողների և գործարարների միությունը: Դժվար է հիշել մեկ այլ դեպք, երբ ձերբակալված անձին նման աջակցություն է հայտնվում: Նման վերաբերմունքը պատահական չէ: Մեր խորհրդարանի պաշտոնական կայքում կարելի է ծանոթանալ տիկին Ենոքյանի կենսագրությանը: Նա Կարի արտադրական միավորման տնօրեն է աշխատել 1982-ից: Խորհրդային Միությունում կարի բոլոր ձեռնարկությունները ժամանակին համահունչ բոլշևիկյան անուններ ունեին:

Թե՛ Մոսկվայում, թե՛ բոլոր հանրապետություններում այդ ձեռնարկությունները կրում էին Կլարա Ցետկինի կամ կոմունիստական շարժման որևէ այլ կին գործչի անուն: Կամ էլ` «Բոլշևիչկա», «Կրասնի շվեյնիկ» ու այլ համապատասխան գաղափարա-քաղաքական անուններ էին կրում: Ու հանկարծ Հայաստանում հայտնվեց «Գարուն» անունով կարի արտադրական միավորում, որի տնօրենը 1985-ից Գոհար Ենոքյանն էր: Նա Հայաստանի տնտեսության իրական հատվածի եզակի կին մենեջերներից է, ով փորձեց ու կարողացավ հարմարվել 90-ականների տնտեսական նոր պայմաններին: Մինչ այդ 1989-ից Ենոքյանը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր էր: Շատերն են հիշում նրա ելույթները հատկապես Ղարաբաղյան հարցի քննարկումների ժամանակ: Իր համար նոր` քաղաքական ոլորտում Ենոքյանը նույնքան համառ էր ու սկզբունքային: Քչերն են հիշում, որ գոյության վերջին տարիներին Խորհրդային Միությունը հայտնվել էր ֆինանսատնտեսական ծանր վիճակում:

Բայց 90-ին նա կարողացավ ԽՍՀՄ վարչապետ Նիկոլայ Ռիժկովին համոզել, որ «Գարուն» արտադրական միավորման համար տրամադրի մեկ մլն ԱՄՆ դոլար` նոր գերժամանակակից արտադրական ճապոնական հոսքագիծ գնելու համար: Հետո հետաքրքիր էր հետևել, թե ինչպես էր խորհրդային արժեհամակարգում ձևավորված խորհրդային տնօրենն աշխատում տնտեսական նոր համակարգում: Ինչպես էր հաջողում կնոջ հագուստի պատվերներ գտնել եվրոպական երկրներում: Խորհրդային գործարանները «սովոր» էին կնոջ զգեստը կարել տասնյակ-հազարավոր հատով: «Շիրպատրեբի» մասին է խոսքը: Իսկ նոր իրավիճակում եվրոպացի գնորդի համար յուրաքանչյուր զգեստից ընդամենը մեկ-երկու տասնյակ օրինակ էր պետք կարել: Ենոքյանն իրեն բնորոշ անկեղծությամբ փնթփնթում էր, բայց հաջողում գտնել հերթական պատվիրատուին:

Նրա ձեռնարկությունը 90-ականների սկզբին եզակի գործարաններից էր, որ աշխատանք ու եկամուտ էր ապահովում: Տնտեսության ոլորտի նոր ղեկավարները, նախկինների նման, դժգոհում էին նրանից: Դժգոհում էին, բայց գնահատում: Բարդ ու ուղղախոս բնավորությունն էր պատճառը, որ խորհրդային տարիներին նա պետական պարգևների չարժանացավ: Բայց մասնագիտական հմտություններն էին, որ նույն խորհրդային տարիներին բռնադատված ու սիբիրյան աքսորական ընտանիքի դստերը հնարավորություն տվեցին ձեռնարկության տնօրեն դառնալ:

Նույն ուղղախոսությունն ու համարձակությունն է պատճառը, որ նա ՀՀ պետական պարգևների չի արժանացել: Գոհար Ենոքյանի միակ պետական պարգևը ԼՂՀ նախագահի շնորհած «Մխիթար Գոշ» մեդալն է: Այդպես Ղարաբաղի Հանրապետությունը գնահատեց շարժման սկզբի ելույթներն ու աշխատանքը ԽՍՀՄ Գերագույն խորհրդում: Նաև` պատերազմի տարիներին բանակին հագուստի մատակարարման գործում ունեցած ավանդը: Հայաստանի Հանրապետության նոր ու երիտասարդ գործարարների համար նա ավագ գործընկերոջ ու խորհրդատուի համբավ ունի:

Ենոքյանը շարունակում էր իր հրապարակային ելույթներով վերլուծել մեր տնտեսությունը: Քաղաքական գործունեությամբ զբաղվելը համարյա ոչինչ չի փոխել: Նրա գնահատականների հետ կարելի է չհամաձայնել, բայց դրանք անտեսելը խոհեմ քայլ չէ: Մեկ տարի առաջ տված հարցազրույցում նա պնդում էր, որ Հայաստանում խոշոր բիզնեսը սարսափելի է ճնշում փոքր ու միջին գործարարությանը: Իսկ վերջին հարցազրույցում պնդում էր, որ բանկային համակարգը ոչնչով չի նպաստում տնտեսական իրական հատվածի զարգացմանը: Հայաստանի տնտեսական կյանքի մասին քիչ թե շատ տեղեկություն ունեցողների, Գոհար Ենոքյանի գործընկերների ու պարզապես ծանոթների համար ձերբակալման հայտարարությունն անհավատալիության աստիճանի անսպասելի է:

Մյուս կողմը մեր խորհրդարանի հանրահայտ մականունավոր պատգամավորներից է, ում պաշտոնական անուն-ազգանունը գրելու համար լրագրողների մեծ մասը նախ` այն փնտրում է ԱԺ-ի պաշտոնական կայքում: Որովհետև հայկական համացանցում նա միայն մականունով է «գրանցված»: Ու բոլոր գրանցում-նշումները հերթական քրեական պատմություններ են: Ու համարյա բոլոր քրեական պատմությունների առանցքում փողն է: Ինչպես այս անգամ է փորձվում ներկայացնել:

Ձերբակալությունը մեր իրավապահ մարմինների ամենանախընտրելի մեթոդն է: Անկախ անձին ներկայացվող մեղադրանքից, առողջական վիճակից, տարիքից, սեռից, վաստակից ու այլ մանր-մունր բարոյական արժեքներից: Ձերբակալված մարդուն «կոտրելը» հեշտ է: Անհամեմատ ավելի հեշտ, քան հասարակությանը համոզել, որ վատառողջ 73-ամյա կինը սպառնալիք է հասարակական բարօրությանն ու անվտանգությանը: Ավելին` 73-ամյա կինը սպառնալիք է մեր իրավապահների համար գործի անաչառ քննության ընթացքում: Այս պատմության միակ լուսավոր հատվածը 37 պատգամավորի ու Արդյունաբերողների ու գործարարների միության դիրքորոշումն էր: Սպասենք զարգացումներին:

Տեսանյութեր

Լրահոս