
Լեհաստանի նախագահը խոսել է մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք զորահանդեսի սպառնալիքների մասին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, Վարշավայում ելույթ ունենալով Սահմանադրության օրվա կապակցությամբ, խոսել է այն սպառնալիքների մասին, որոնք իրենում պարունակում է Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվելիք Հաղթանակի զորահանդեսը:
Կոմորովսկին համաքաղաքացիներին կոչ է արել հիշել պատմության դասերը և պատրանքներ չտածել այն կապակցությամբ, որ հանրապետությանը որևէ բան չի սպառնում. «Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակը վերստին կվերածվի զրահատանկային հրապարակի:
Այնտեղ վերստին կցուցադրվի այն դիվիզիաների ուժը, որոնք ոչ վաղ անցյալում աշխարհի և մեր լեհերի աչքերում հարձակվել են հարևան Ուկրաինայի վրա: Վաղուց ռազմական հակամարտությունն այդքան մոտ չի գտնվել լեհական սահմանին»:
Դրա հետ կապված՝ Լեհաստանի նախագահը հայտարարել է, որ Լեհաստանը պետք է ամրապնդի կապերն Արևմուտքի հետ, ընդլայնի եվրոպական ինտեգրացիան ու ակտիվորեն համագործակցի ՆԱՏՕ-ի հետ: Կոմորովսկին Հաղթանակի զորահանդեսը որակել է որպես անկայուն ու անհանգիստ աշխարհի կերպար: