Իրանը Եմենի շիա ապստամբներին զենք է մատակարարել 2009 թվականից. ՄԱԿ
France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` ՄԱԿ-ի փորձագիտական կոլեգիան տվյալներ է հայտնաբերել այն մասին, որ Իրանը Եմենի շիա ապստամբներին զենք է մատակարարել 2009 թվականից:
Փորձագետների խումբը նախորդ շաբաթ այդ զեկույցը ներկայացրել է ՄԱԿ ԱԽ-ի` Իրանի դեմ պատժամիջոցների հարցերով հանձնաժողովին: Փորձագետները հետաքննել են 2013 թվականին Եմենի իշխանությունների կողմից իրանական Jihan նավի կալանումը, որը զբաղված է եղել զենքի փոխադրմամբ:
Նրանց հավաքած տեղեկությունները հիմք են տալիս պնդելու, որ Jihan-ը չի եղել իրանական միակ նավը, որն Իրանից ծովային ճանապարհով զենք է տեղափոխել Եմեն: Փորձագետները կարծում են, որ Իրանը զենքի մատակարարումները սկսել է առնվազն 2009 թվականից:
Ավելի վաղ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Ըրնեսթը հայտարարել է, որ Եմենի շիա ապստամբները գործում են Իրանի աջակցությամբ: