«Հարկավոր է՝ հատվածական մոտեցումները դրվեն մի կողմ ու անընդհատ չնշվի միայն բացասականը»
Հայաստանը դեռևս դուրս չի եկել նախկին ճգնաժամից և պնդումները, թե այն հաղթահարվել է, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժղովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը:
«Նախ՝ տնտեսական ակտիվությունն ավելին չէ, քան էր նախքան 2008 թվականը, և հասարակության մոտ անընդհատ լարվածությունը բերում է նրան, որ ամենատարբեր քիչ թե շատ հայտնի գործիչների խոսքերն էականորեն ազդում են տնտեսական ակտիվության վրա: Բայց ես համոզված եմ, որ սա հեշտ հաղթահարելի վիճակ է, եթե կարողանանք միասնական ծրագիր դնել սեղանին: Անհրաժեշտ է տնտեսության դիվեսիֆիկացիա և ներդրումների խթանում: Այդ տեսակետից հարկավոր է, որ հատվածական մոտեցումները դրվեն մի կողմ ու անընդհատ չնշվի միայն բացասականը:
Դրանով փորձում ենք ցույց տալ, թե այնքան սուր աչք ունենք, ընդդիմադիր ենք, ու երկրի ու տնտեսության հերն անիծում ենք: Կառավարությունն էլ իր հերթին մեկ-մեկ այնքան ինքնասիրահարվածություն է դրսևորում, որ դուրս են մնում այլ այլընտրանքային գաղափարները: Երկու կողմից էլ կարիք կա դեպ կենտրոն գալու: Պետք է հասկանալ, որ վաղվա օրը չի կարող այսօրվա կարճ նպատակներին ծառայել»,- ասաց Ա.Մինասյանը: