«Ցավոք սրտի, հարևաններին չեն ընտրում, իմ հույսը Թուրքիայի մտավորականներն են». Մարգարիտ Եսայան

Այսօր Երևանում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի նիստի ժամանակ ընդունվել է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց կոմիտեի անդամ, ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

«Բանաձևը բավականին հետաքրիր է այն իմաստով, որ կառուցված է և՛ մարդու իրավունքների ոտնահարման, և՛ համամարդկային արժեքների, և՛ ժողովրդավարության, և՛ պատմական ճշմարտությունը վեր հանելու կետերի վրա, նաև կոչ է արվում Թուրքիային ճանաչել հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Վստահություն է հայտնվում, որ միայն այս դեպքում է հնարավոր հայ-թուրքական հարաբերությունների նորմալացում, միայն այս դեպքում է հնարավոր, որ Թուրքիան հավակնություն ունենա Եվրոպական միության անդամակցության համար: Եվրոպական կարևոր երկրների խորհդարանականներ են ստորագրել այս բանաձևի տակ, ինչպես Ֆրանսիան է, Բելգիան, Բուլղարիան, Լեհաստանը, Իտալիան, Շվեյցարիան և այլն»,- ասաց Մ.Եսայանը:

Մեր հարցին, որ Եվրանեսթը և այլ մակարդակներում նույնպես համանման հայտարարություններ են ընդունվում, արդյոք դրանք ազդո՞ւմ են Թուրքիայի վրա և կարելի՞ է սպասել, որ Թուրքիան ինչ-որ քայլեր կանի, Մ.Եսայանը պատասխանեց՝ հիշեցնելով ժողովրդական խոսքը՝ թուրքը մնում է թուրք:

Նա նշեց, որ հայտնի չէ, թե Թուրքիան ինչ որոշում կկայացնի. «Այս ընթացքում ամբողջ առաջադեմ մարդկությունն է կանգնած հայ ժողովրդի կողքին, և իրականում առաջադեմ մարդկությունը պահանջ ունի Թուրքիային՝ ճանաչել ու անցնել առաջ: Բայց թե ինչ հետևություն կանի Թուրքիան, ես թողնում եմ Ձեր երևակայությանը, որովհետև լսում եք Էրդողանի հայտարարությունները, տեսնում եք Գալիպոլիի ճակատամարտի խցկումը ապրիլի 24-ին, երբ դա տեղի չի ունեցել այդ ժամանակ, այլ դրանից առաջ է եղել ու կոնկրետ ամսաթիվ չունի: Ցավոք սրտի, հարևաններին չեն ընտրում: Իմ հույսը Թուրքիայի մտավորականներն են, որ նրանք ազդեն իրենց երկրի իշխանության վրա՝ բացելու աչքերն ու սթափ նայելու իրականությանը»:

Կարդացեք նաև

Մ.Եսայանի կարծիքով, եթե Թուրքիան հավակնում է գերտերությունների շարքում լինել ու իր տնտեսական կապիտալը դա թույլ է տալիս, ապա բարոյական իմաստով Թուրքիան բացարձակ շանսեր չունի և այդ շանսերը կարող են ծիլեր տալ միայն այն դեպքում, երբ Թուրքիայի նախագահը հայտարարի, որ իրենց պապերը Օսմանյան կայսրությունում իրականացրել են Ցեղասպանություն:

Մեր հարցին, թե արդյոք եվրոպացի գործընկերների հետ քննարկվե՞լ է այն հարցը, որ որոշ պետությունների ղեկավարներ, անգամ Անգլիայի թագավորական ընտանիքը պատրատակամություն են հայտնել ապրիլի 24-ին մեկնել Թուրքիա, Մ.Եսայանը պատասխանեց, որ մասնավոր զրույցներում շատ հարցեր են քննարկվում, ինչը հրապարական ենթակա չէ, միաժամանակ նկատեց, որ եվրոպացիները շատ լավ տեղյակ են պատմական փաստերից, Ղարաբաղյան խնդրից, ու իրենց մտածողությունը համահունչ է ռեալ իրականությանը:

 

Տեսանյութեր

Լրահոս