Կաթնամթերքի արտադրությունը մի քանի անգամ աճել է. որն է գաղտնիքը
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է արդյունաբերական ձեռնարկություններում հիմնական արտադրատեսակների թողարկման ծավալները (բնեղեն արտահայտությամբ)՝այս տարվա հունվար-փետրվարի համար։ Որոշ սննդատեսակների գծով ցուցանիշներն աճել են մի քանի անգամ՝ տպավորություն ստեղծելով, որ Հայաստանում սննդամթերքի արտադրությունը բում է ապրում։
Խոսքը վերաբերում է, մասնավորապես, կաթնամթերքին։ Այսպես, պանրիկների արտադրության ծավալը նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ աճել է 2.7 անգամ՝ 14.6 տոննայից հասնելով 39.8 տոննայի։
Մածունի արտադրության ծավալը կրկնապատկվել է. նախորդ տարվա հունվար-փետրվարի 483.5 տոննայի փոխարեն այս տարվա հունվարին փետրվարին արտադրվել է 972.8 տոննա մածուն։
Թթվասերի արտադրությունն աճել է 2.3 անգամ (429 տոննայից՝ հասնելով 970.2 տոննայի)։
Իսկ թանի արտադրությունը իսկական ռեկորդ է գրանցել՝ 35.8 տոննայից հասնելով 169.5 տոննայի (աճը՝ 4.7 անգամ)։
Կաթի արտադրության ծավալն աճել է 12.1%-ով (51 մլն լիտր), կաթնաշոռինը՝ 16.7%-ով (145 տոննա)։
Իրականում տնտեսական հրաշք տեղի չի ունեցել։ Պարզապես այս արտադրատեսակները դուրս են եկել ստվերից։ Հիշեցնենք, որ անցած տարվա ընթացքում մի շարք ապրանքատեսակներ ընդգրկվեցին պարտադիր դրոշմապիտակավորման ենթակա ապրանքների շարքում, որոնց թվում էր նաև կաթնամթերքը։