Նաիրիտցիներին շարունակում են խաբել

«168 Ժամի» տեղեկություններով` ԱՊՀ Միջպետական բանկի հետ հայաստանյան ոչ մի կառույց բանակցություն չի վարում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ետգնման կամ պարտքի վերափոխման շուրջ: Միջպետական բանկին մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ հարց չի բարձրացվել նաև պարտքը ներելու վերաբերյալ:
Մինչ այս, հիշեցնենք, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նաիրիտցիներին վստահեցրել էր, թե մարտի վերջին Միջպետական բանկի հետ բանակցությունները կավարտվեն, և «Նաիրիտի» բաժնետոմսերը կվերադարձվեն ՀՀ կառավարությանը, գույքը կհանվի գրավից, ինչն արդեն մեծ հնարավորություններ է ստեղծում աշխատավարձի պարտքի վճարման ու գործարանի վերագործարկման համար։ Նշվել էր, որ բանակցությունները վարում է ՀՀ Կենտրոնական բանկը, և դրանք ավարտական փուլում են: «Շշուկով» էլ ասում էին, թե, ամենայն հավանականությամբ, պարտքը կներվի:

Եթե անգամ ՀՀ ԿԲ-ն բանակցում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ, որին պատկանում են ՄԲ-ի 50% բաժնետոմսերը, և որը, թերևս, գլխավոր դերակատարն է այս հարցում, ապա այդ մասին հնարավոր չէ, որ տեղյակ չլինեին Միջպետական բանկում: Թե ո՞ւմ հետ և ի՞նչ են բանակցում ՀՀ պաշտոնյաները, ստացվում է, գիտեն միայն իրենք: Իսկ գործնականում այս «բանակցություններն» օգտագործվում են բողոքավորների կրքերը հանդարտեցնելու և հերթական անգամ ժամանակ ձգձգելու համար:
Ժամանակ շահելու համար, ըստ մեր աղբյուրների, նաև այլ ուղղությամբ է աշխատանք տարվում: Մոտ 1 շաբաթ առաջ տեղեկություն տարածվեց, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները որոշել են Գլխավոր դատախազին հանցագործության մասին նամակ ուղարկել` նկարագրելով, թե 2006 թվականից սկսած մինչ օրս գործարանում ինչ յուրացումներ են իրականացվել:

Մասնավորապես, խոսքը գնում է «Մեգատեքսի» գործի մասին. «Նաիրիտի» նախկին տնօրեն, ներկայումս` տնօրենների խորհրդի նախագահ ու ՀՀ-ում Միջպետական բանկի ներկայացուցիչ Վահան Մելքոնյանի որոշմամբ` 2009-ին գործարանը Միջպետական բանկից 9.4 մլն դոլար վարկ էր վերցրել ու գնել նույն Միջպետական բանկում գրավադրված և նույն Վահան Մելքոնյանին պատկանող «Մեգատեքս գրուպ» ՓԲԸ-ն` որպես պահեստային տարածք:

Այս գործարքը գործարանի հաշվետվություններում հիմնավորվել էր` իբրև իրացման նպատակով ձեռք բերված բաժնետոմսեր: Ընդ որում, այդ ժամանակ «Նաիրիտն» արդեն գրեթե չէր աշխատում և ուներ լուրջ ֆինանսական խնդիրներ, հետևաբար՝ լրացուցիչ պահեստի կարիք չուներ: Այնուհետև «Մեգատեքս գրուպ» ՓԲԸ-ն գրավադրված էր «Արդշինինվեստբանկում»` 900 հազար դոլարի դիմաց:

Այսինքն` մոտ 10 մլն դոլարանոց գործարանն ըստ էության վաճառվել էր 1 մլն-ով՝ պարտքը թողնելով «Նաիրիտի» վրա: Քանի որ այս մութ գործարքների իրականացման համար համաձայնություն էր տվել նաև գործարանի տնօրենների խորհրդում կառավարության ներկայացուցիչը, ըստ այդմ, աջակցելով թալանին, նաիրիտցիները ցանկանում էին Դատախազությունից նաև պահանջել, որ պատասխանատվության ենթարկեն մեղավորներին և այդ գումարով իրենց պարտքը փակեն:

Սակայն, մեր տեղեկություններով, նրանց հորդորել են նամակը Դատախազություն դեռ չհանձնել` հիմնավորելով, որ այդ դեպքում գործը կսառեցվի, ու աշխատողների պարտքը չեն տա, Երվանդ Զախարյանն էլ այլևս «բարյացակամ» չի լինի իրենց հանդեպ: Ընդ որում, նամակում արդեն առկա է 400-ից ավելի ստորագրություն, ինչը բավարար է քրեական գործ հարուցելու համար: Հարկ է նշել, որ քրեական գործի հարուցումն ու աշխատավարձի պարտքի վճարումը միմյանց ոչնչով չհակասող գործեր են: Սակայն Դատախազությանն ուղարկվելիք նամակի ճանապարհը խոչընդոտողները հորդորել են 1 ամիս սպասել և համոզել են փոխել են նամակի բնույթն ու գրել «Նաիրիտի» համար վերցված ընդհանուր 180 մլն դոլար վարկային միջոցների մասին:

Ինչո՞ւ է սխալ` Դատախազությունից պահանջել բացահայտել 180 մլն դոլարի խնդիրը և դա փոխկապակցել 10 մլն-ի հետ: Նախ՝ այդ 180 մլն-ից 70 մլն դոլար վարկը վերցրել էր «Rhinoville Property Limited»-ը («Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ»), կառավարությունը դրա հետ առնչություն չունի: 100 մլն դոլարը վերցրել է «Նաիրիտը»` բիզնես-ծրագրի անվան տակ, այսինքն` կառավարությունը չէր կարող տեղյակ լինել, որ այդ բիզնես ծրագիրը չի աշխատի, այն միայն համաձայնություն էր տվել «Նաիրիտի» զարգացման համար ներդրում կատարելուն: Իսկ այս փաստերի հիման վրա քրգործ հարուցելու մասին խոսակցությունը մի նպատակ ունի` մարդկանց շեղել: Այսինքն` Վ.Մելքոնյանը և բոլոր այն նախկին ու ներկա պաշտոնյաները, որ շահագրգիռ են, որ այս գործը չբացահայտվի, հաջողացրել են ամբողջությամբ փոխել Դատախազության նամակի տեքստը, հստակ հանցակազմ պարունակող 10 մլն վարկի փաստը «լղոզել» նախկին վարկերի հետ ու հիմք տալ Դատախազությանը՝ հանցակազմ չնկատելու և գործ չհարուցելու համար:

Մինչդեռ, հիշեցնենք, իրավապահներն արդեն փորձ ունեն «Նաիրիտի» հետ կապված ակնհայտ հանցակազմն անտեսելու և քրեական գործ չհարուցելու հարցում: Դեռ 2013 թ. ամռանը ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել էր՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով: Այսինքն՝ արարքի մեջ հանցակազմի չկա:

Այն ժամանակ ուսումնասիրության առարկան 2 ուղղվածություն ուներ` ըստ Ֆիննախարարության տեսչության կազմած 2 ակտերի: Մի ակտը վերաբերում էր իրանական «Նումարդ թրեյդինգ» (Numard Trading) ընկերությանը դատարանում 4 մլրդ 900 մլն դրամ «Նաիրիտի» «պարտությանը», երկրորդ ակտը` արդեն հիշատակված «Մեգատեքսի» 10 մլն դոլար վարկին:

Այժմ, եթե 1 ամսվա ընթացքում կառավարությունը պատասխան չտա նաիրիտցիներին, նախատեսվում է Դատախազություն ուղարկել ընդհանուր վարկային միջոցներին վերաբերող նամակը, որին, բնականաբար, ընթացք չի տրվի, ու մեղավորները կրկին չոր դուրս կգան ջրից:

Հ.Գ. Ի դեպ, այդ մեղավորների ու «Նաիրիտի» մասին ուշագրավ կերպով է արտահայտվել նաիրիտցիներից Արփի Թագոյանը.

Մեր Նաիրիտ, լքված, անտեր,
Որ եղել ես մեզ օրրան,
Յուր որդիքը բողոքում են,
Հանուն յուր պարտքի մարման։
Ահա, բանվո՛ր, քեզ մի գրոշ
Իմ թալանից տվեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Ու բոլորին «քցեցի»։

Նայեք դրանց, երեք հոգով,
Թալանեցին մեր հսկան,
Օրենքի դեմ կանգնելու տեղ,
Տարան Ամերիկա դեսպան։
Ամենայն տեղ կյանքը մին է,
Մարդ մի անգամ պիտ ապրի,
Բայց երանի, որ յուր երկրում,
Չի տրորվի, թալանվի։

 

Տեսանյութեր

Լրահոս