«Մենք ունենք ընդհանուր հասկացողություն, թե ինչ ուղղությամբ ենք առաջ շարժվելու». Տրայան Հրիսթեա. «Ազատություն»
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան հարցազրույց է տվել «Ազատության» հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին: Պատասխանելով հարցին՝ ճի՞շտ ենք հասկանում, որ Ռիգայի գագաթաժողովի արդյունքում Եվրամիությունը մանդատ կստանա Հայաստանի հետ նոր բանակցություններ վարելու համար, Հրիսթեան ասել է.
«Այն բանից հետո, երբ մենք վերջնական տեսքի բերեցինք «Ոլորտների ճշգրտման վարժության» արդյունքները, մենք հասել ենք մի փուլի, երբ Եվրահանձնաժողովը անդամ երկրների հաստատմանն է ներկայացնելու բանակցությունների մանդատը: Եթե այն պատրաստ լինի մինչև Ռիգա` շատ ավելի լավ: Ամեն դեպքում` Ռիգայի գագաթաժողովում անդրադարձ կլինի այն ձեռքբերմանը, որը մենք ունենք` այսինքն ընդհանուր հասկացողությանը, թե ինչ ուղղությամբ ենք առաջ շարժվելու:
Իսկ այն բանից հետո, երբ անդամ երկրները մեզ կտան բանակցություններ վարելու մանդատը, և ես ոչ թե հույս ունեմ, այլ վստահ եմ, որ այդ բանակցությունները երկար չեն տևելու, քանի որ իրականում մենք Վիլնյուսում արդեն համաձայնել ենք հնարավորինս օգտագործել Ասոցիացման համաձայնագրի շրջանակում բանակցված փաստաթուղթը: Եվ, հետևաբար, ես վստահ եմ, որ մանդատ ստանալուց հետո մենք շատ արագ առաջընթաց կարձանագրենք: Կարող եմ խոստանալ, որ մեր կողմից` Եվրահանձնաժողովի կողմից, տրամադրվածություն կա հնարավորինս արագ ավարտին հասցնել այս գործընթացը»:
Իսկ ինչպիսի՞ն է հայկական կողմից տրամադրվածությունը: Արդյո՞ք կա ավելի մեծ պատրաստակամություն` Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնելու, ավելի մերձենալու: «Հույս ունեմ, որ դա այդպես է: Դրա ապացույցներից է, օրինակ, այն փաստը, որ Հայաստանում անցած շաբաթներին Եվրամիության հետ հարաբերությունների բավական կարևոր ցուցադրություն տեղի ունեցավ` անցկացվեց Եվրոնեսթի շատ կարևոր հանդիպում, այնուհետև Հայաստան այցելեց Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը` դա նրա առաջին այցն էր այստեղ: Եվ բոլոր այդ քննարկումների ընթացքում մենք տեսնում էինք, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են և ցանկանում են խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ մինչև իսկ Հայաստանի կողմից ստանձնած այս նոր միջազգային պարտավորությունների առումով»,- պատասխանել է Հրիսթեան:
Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում