Պահանջում են արդարացնել

Շանթ և Շահեն Հարությունյանների, Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը վճռաբեկ դատարան է բողոքարկել այս գործով վերաքննիչ դատարանի որոշումը:

Մեզ հետ զրույցում փաստաբանն ասաց, որ պահանջել են բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը, որով օրինական ուժի մեջ էր թողնվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, կայացնել արդարացման դատական ակտ, հաստատել, որ խախտվել է հավաքների ազատ իրականացման իրավունքը, ինչպես նաև անմեղության կանխավարկածը: Փաստաբանի խոսքով՝ վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արտատպել էր իրենց բողոքները, ըստ էության, արտագրված էին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տուժողների, վկաների ցուցմունքները: «Գրեթե ոչ մի փաստարկի էլ չէր անդրադարձել»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ դատարանը չի նշել նաև՝ արդյոք խախտվե՞լ է անմեղության կանխավարկածը, թե՞ ոչ:

Մեր հարցին՝ արդյոք ակնկալո՞ւմ են, որ վճռաբեկ դատարանը գործը վարույթ կընդունի, փաստաբանը պատասխանեց, որ դատարանը պետք է մտածի, որ ավելի լավ է՝ գործը լուծվի Հայաստանում, քան հասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Այդ կապակցությամբ մտածում եմ, որ իրենք պետք է ավելի խոհեմ գտնվեն և հարցը լուծեն պետության ներսում, այսինքն՝ բավարարեն մեր վճռաբեկ բողոքները»,- ասաց փաստաբանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ ընդհանուր առմամբ լուրջ ակնկալիք չունի վճռաբեկ դատարանից. Հայաստանում դատարաններն անկախ չեն, սերտ համագործակցում են մեկը մյուսի հետ, որպես կանոն՝ ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանները դատական ակտերը կայացնում են վճռաբեկ դատարանի հովանու ներքո, խոսքը չի վերաբերում միայն մի քանի բացառիկ դատավորների:
Նշենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. հոկտեմբերի 10-ի դատավճռով՝ գործով ամբաստանյալները մեղավոր էին ճանաչվել խուլիգանության մեջ. Շանթ Հարությունյանը դատապարտվել էր` 6, Վարդան Վարդանյանը՝ 5, Շահեն Հարությունյանը՝ 4 տարվա ազատազրկման, սակայն դատարանը վճռել էր նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ փորձաշրջան սահմանելով 4 տարի ժամկետով:

Գործով ամբաստանյալներ Ավետիս Ավետիսյանի, Սևակ Մնացականյանի և Հայկ Հարությունյանի պաշտպան Արմեն Պողոսյանը վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել է ՀՀ վճռաբեկ դատարան: Ա. Պողոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ վճռաբեկ դատարանից պահանջել է արդարացնել իր պաշտպանյալներին: Ավետիս Ավետիսյանը, Սևակ Մնացականյանը, Հայկ Հարությունյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ մեղավոր էին ճանաչվել խուլիգանության կատարման մեջ՝ դատապարտվելով համապատասխանաբար` 5, 1 տարի 6 ամիս և 6 տարի ազատազրկման: Հայկ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել նաև առանց իրացնելու նպատակի ապօրինի կերպով զգալի չափով հոգեմետ նյութ պահելու մեջ:

Կարդացեք նաև

Անդրադառնալով վերաքննիչ դատարանի որոշմանը՝ փաստաբան Արմեն Պողոսյանը նշեց, որ այն խուլիգանության մասով գրեթե բառացիորեն կրկնում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի պատճառաբանությունները. «Դա արդեն իսկ նշանակում է, որ վերաքննիչ բողոքի մեջ բերված փաստարկների մի զգալի հատված չի արժանացել գնահատման»,- ասաց Արմեն Պողոսյանը՝ նշելով, որ Հայկ Հարությունյանին առաջադրված մյուս մեղադրանքի վերաբերյալ վերաքննիչ դատարանը գնահատական է տվել, որը, ըստ նրա, խիստ վիճելի է.

«Վերաքննիչ բողոքի մեջ փաստարկն այն էր, որ նյութը, որը որակվել էր` որպես թմրանյութ, ժամկետանց է, հետևաբար` որակական հատկանիշները չեն պահպանվել, հետևաբար` վնաս պատճառել չի կարող: Վերաքննիչ դատարանը մեր բերած ապացույցը չի գնահատել: Ինքը հիմք է ընդունել քրեական գործում առկա փորձագետի եզրակացությունը, որի համաձայն՝ տվյալ նյութը թմրանյութ է, բայց պաշտպանության կողմի վկայակոչած ապացույցը, որը հաստատում է, որ ժամկետն անց է, հետևաբար` իրավաբանական նշանակությունը կորցնում է թմրանյութ լինել-չլինելու հանգամանքը, ընդհանրապես գնահատման առարկա չի դարձրել»:

Դատարանում Հայկ Հարությունյանը նշում էր, որ իր տնից հայտնաբերված նյութը 1993թվականի է, այն կիրառվել է կենդանուն իր շան բուժման նպատակով՝ որպես քնաբեր, անզգայացնող միջոց, դրա պահպանման ժամկետն ընդամենը 3 տարի է, և չէր կարող իր հատկանիշները պահպանել 20 տարի անց. 20 տարի անց այն ընդամենը փոշի է` առանց նախատեսված նպատակային հատկանիշների:

Տեսանյութեր

Լրահոս