Կիսելյովի «Գրիբոյեդով» ակումբը կհյուրընկալի Ալեքսանդր Չուբարյանին

Հայաստանում ռուս լրագրող, վերլուծաբան Դմիտրի Կիսելյովի նախաձեռնությամբ գործող «Գրիբոյեդով» ակումբն այս ամիս կհյուրընկալի ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԳԱ ակադեմիկոս, ՌԳԱ ընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Օհանի Չուբարյանին, ով տարիներ առաջ Ռուսաստանի Դաշնության պատմական գիտությունների զարգացման բնագավառում ունեցած ակնառու ծառայությունների, ԱՊՀ ակադեմիական ինստիտուտների միջև համագործակցության  զարգացման գործում նշանակալի ներդրման, հայ-ռուսական գիտական կապերի զարգացման համար պարգևատրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ոսկե մեդալով: Մարտի 31-ին Չուբարյանը ակումբի ներկայացուցիչների հետ կխոսի «Ցեղասպանությունը` 20-րդ դարում» թեմայի շուրջ:

Հիշեցնենք, որ ակումբի հանդիպումները տեղի են ունենում «Երևան Պլազա» հյուրանոցի վերին հարկում գտնվող ռեստորանում, որոնց մասնակցում է անձամբ Կիսելյովը: Ակումբի վերջին հյուրերն են եղել «Միացյալ Ռուսաստան» ՌԴ-ի իշխող կուսակցության բարձրագույն խորհրդի բյուրոյի անդամ Վլադիմիր Գրուզդևը, Ժողովրդավարության ու համագործակցության ինստիտուտի նյույորքյան ներկայացուցչության ղեկավար, դասախոս, քաղաքական վերլուծաբան Անդրանիկ Միհրանյանը, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը, քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովը: Ակումբի անդամներն են քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, Շուշանիկ Արևշատյանը, Տիգրան Լիլոյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
 

 

Տեսանյութեր

Լրահոս