«Նայեք պառլամենտի դեմքերին, ելույթ եմ ունենում, ոնց որ ապակիների առաջ խոսեմ, իսան չկա». Արամ Մանուկյան

Այսօր ԱԺ ճեպազրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իշխանությունը վատ է զգում իրենց հարցերից, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ 5-րդ կարգի հարցեր են բարձրացնում, գրավոր գրում են, պատասխանը ստանում ու դեռ բարձրաձայնում: Ըստ նրա՝ դա ոչ թե թատրոն էր, այլ իրականությունից խուսափելու փորձ:

«Ես պետք է հարցնեի՝ Սերժ Սարգսյանին հրավիրե՞լ են Աստանա, թե՞ ոչ: Մենք խնդիր չենք ունեցե՞լ, միայն այդ երեք երկրներն են խնդիր ունեցե՞լ: Աստանայում շատ լուրջ հարցեր են քննարկվել, առանցքային խնդիրներ են լուծվել և հաջորդ հանդիպմանը պետք է քննարկեն: Կամ՝ մենք այդ կառույցում կանք, կամ՝ չկանք: Ինչո՞ւ ՀՀ ներկայացուցիչը չի եղել այդ հավաքին»,- ասաց Ա.Մանուկյանը:

Ըստ նրա՝ ԵՏՄ անդամների համար ՀՀ-ն չկա. «Չի կարող լինել Ռուսաստանի և Բելառուսի միջև պրոբլեմ, որ չանհանգստացնի մեզ: Իսկ մեր խելոք ԱԳՆ-ն հայտարարում է, որ բոլոր խնդիրների հետ համաձայն են: Բայց չեն կարող բոլորի հետ համաձայն լինել, քանի որ յուրաքանչյուր խնդրին տարբեր տեսակետներ կան: Բայց իրեն չեն հրավիրել և չեն հրավիրի մայիսի 8-ի հանդիպմանը ևս: Թեև Հայրենական մեծ պատերազմի հետ կապված ԱՊՀ երկրներին են հրավիրելու և կարող է Սերժ Սարգսյանին էլ հրավիրեն ֆուրշետին, բայց խնդիր լուծող սեղանին չեն հրավիրի»:

Ա.Մանուկյանի կարծիքով՝ ՀՀ-ն կարող է կրկին հայտնվել ԵՄ-ՌԴ բախման միջև. «Ոչ բաց, ոչ համաձայնեցված, արկածախնդիր քաղաքականությունը մեր երկրին դեռ շատ շառ ու փորձանքի կբերի: Ու մեր երկրում չկա որևէ լուրջ մարդ, որ դեմ կխոսի: ՀՀ-ն այսօր քաղաքական խիստ մտահոգիչ պրոցեսների առաջ է կանգնած: Մինչև ապրիլի 24-ը հանգիստ կլինի, բայց հետո պայթելու է ու ոչ մեկ չի ուզում դրա հետ հաշվի նստի: Նայեք պառլամենտի դեմքերին, ելույթ եմ ունենում, ոնց որ ապակիների առաջ խոսեմ: Իսան չկա: Սա քաղաքական դասալքություն է՝ հաշվի չառնել այն երևույթը, որում գտնվում ենք»:

Կարդացեք նաև

Ա.Մանուկյանը նշեց, որ ՀՀԿ մեջ առաջին անգամ խմբերի բախում երևաց «Կրթության մասին» օրենքի հետ կապված: Նա կարևորեց նաև Նաիրիտի խնդիրը, որ ակտիվացման փուլում է և լուրջ առաջարկեր են ներկայացվել հանձնաժողովին: Ա.Մանուկյանի խոսքով՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցում շատ լուրջ քննադատություն է հնչել նաև ՀՀ հասցեին: Նա նշեց, որ գրված է, որ շատ անհանգստացնող է քաղաքական դեմքերի, քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հարձակումների վերջերս իրականացվող ալիքը:

Տեսանյութեր

Լրահոս