
ԵՄ-ն անտեսում է Ուկրաինայի ֆինանսական դրությունը. Սորոս

BBC-ին տված հարցազրույցի ժամանակ ամերիկացի միլիարդատեր բարեգործ Ջորջ Սորոսը հայտարարել է, որ ԵՄ-ն անտեսում է Ուկրաինայի ֆինանսական դրությունը: Սորոսը Բրյուսելին կոչ է արել հավելյալ ֆինանսավորում հատկացնել Կիևին:
84-ամյա բարեգործը հայտարարել է, որ Եվրոպան չափազանց շատ է զբաղված Հունաստանի ֆինանսական խնդիրների լուծմամբ: Սորոսը կարծում է, որ ավելի լավ կլիներ դրա փոխարեն զբաղվել ուկրաինացիներին խրախուսելով, որոնք ձգտում են դեպի Եվրոպա և հակազդում են ռուսական սպառնալիքին:
Սրանից առաջ Եվրոպական խորհրդարանը հավանության է արժանացրել ԵՄ-ի կողմից Ուկրաինային 1.8 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն ցուցաբերելը, որը պետք է իրականացվի 600 միլիոնական եվրո 3 տրանշով: Օրենքի ուժ ստանալու համար այն պետք է հաստատվի ԵՄ-ի Խորհրդի կողմից:
Երկու շաբաթ առաջ էլ ԱՄՀ-ի ղեկավար խորհուրդը որոշում է ընդունել օգնության քառամյա ծրագրի շրջանակներում Ուկրաինային հատկացնել ավելի քան 17 միլիարդ դոլար: