Բաժիններ՝

Համայնքների խոշորացումը ենթակառուցվածքների փոփոխությունների չի բերի

Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրում ընտրված երեք փնջերի հետ արդեն աշխատանքներ են տարվում: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ փնջերում ներառված համայնքների ղեկավարների, բնակիչների հետ մի քանի անգամ հանդիպումներ եղել են, որոնց ընթացքում մանրամասն քննարկվել է ծրագիրը:

«Ամենակարևոր սկզբունքներն են տնտեսական նպատակահարմարությունը, մարդկային ռեսուրսների կառավարումը, տրանսպորտային հաղոդակցման հնարավորությունը (այդ բնակավայրերի միջև նորմալ գոնե խճապատ ճանապարհ պետք է լինի), բնակչության մասնակցության ապահովումը, կառուցվածքի օպտիմալացումը, և այլն»,- հայտնեց պաշտոնյան՝ նկատելով, որ այս չափորոշիչները եղել են 2011թ. կառավարության կողմից ընդունված հայեցակարգի հիմքում և բովանդակային առումով նորություն չեն:

Այս շրջանում մտահոգություններ կան բնակիչների շրջանում՝ կապված փաստաթղթերում փոփոխությունների, ենթակառուցվածքների անհասանելիության և այլ հարցերի հետ: Ա. Գիլոյանը տեղեկացրեց, որ բնակավայրերը շարունակելու են իրենց անուններով մնալ, ոչինչ չի փոխվելու փաստաթղթերում, տեղեկանքների տրամադրման համար անհրաժեշտություն չի լինի հասնել այլ համայնք, քանի որ բոլոր համայնքներում լինելու են ներկայացուցիչներ, ովքեր լիազորություններ են ունենալու տեղեկանքներ տրամադրել և բավարարել համայնքի բնակիչների հարցադրումները:

Ինչ վերաբերում է դպրոցներին, մանկապարտեզներին, հիվանդանոցներին, մեր զրուցակիցը նշեց, որ ենթակառուցվածքները մնալու են, շարունակելու են բյուջեից սնվել և աշխատելու են նույն ձևով, ինչպես նախկինում: Այստեղ միայն համայնքապետարանի հարցն է առաջ գալիս, որն ընտրված փնջի համար լինելու է ընդհանուր:

«Անխուսափելի են համայնքային ծառայողների կրճատումները, սակայն հնարավորություն է լինելու փնջերում նոր ենթակառուցվածքներ ստեղծել։ Իսկ կրճատման հետևանքով առանց աշխատանք մնացած համայնքապետարանի աշխատակիցները վերապատրաստման միջոցով նոր աշխատանք ունենալու հնարավորություն կունենան».- հավելեց նա:

Ա. Գիլոյանը տեղեկացրեց, որ ընտրված բոլոր 14 փնջերում ներդրումներ լինելու են, այդ մշակումներն իրական են և օդից չեն վերցվել. հաշվի են առնվել բնակիչների կողմից բարձրաձայնված խնդիրները, ամեն համայնքի համար մոտ երեք խնդիր առանձնացվել է, որոնց համար նաև մոտավոր ֆինանսական հաշվարկ կա:

Անդրադառնալով հանրաքվեի արդյունքներին՝ պաշտոնյան նշեց, որ Սահմանադրության 110-րդ հոդվածով, հանրաքվեի արդյունքները նման որոշումների դեպքում պարտադիր չեն, սակայն պետական կառույցներն ամեն ինչ անելու են, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն և գիտակցաբար գնան հանրաքվեի. «Օրինակ, Թումանյանի փնջի դեպքում հանրաքվեն անցկացվելու է Թումանյան քաղաքի և բոլոր 6 համայնքների համար առանձին-առանձին, եթե բոլորում բնակիչները  համաձայնվեն, բացի Աթանից, որը վերևում և հեռու է մնացած համայնքներից, ի՞նչ եք կարծում` կառավարությունը պետք է թողնի, որ այն դո՞ւրս մնա փնջից. սա բովանդակային առումով ընդունելի չէ»:

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ օպտիմալ խոշորացման դեպքում ազգաբնակչության կարծիքը պետք է հաշվի առնել, պետք է քննարկել այդ հարցերը, հասկանալ նրանց վերաբերմունքը. «Կարելի է, բայց պետք է շատ զգույշ անել այս փոփոխությունը՝ առանց ճնշումների կիրառման»:

Բնակիչների շրջանում իրազեկման հետ կապված՝ Հ. Բերբերյանը նշեց, որ դեռ ժամանակ կա աշխատանք տանելու։ Եթե խոշորացման գնան կամայական և ադմինիստրատիվ միջոցներով, դա բացասական ազդեցություն կունենա, կլինի կոմունիստական շարժում, կոլեկտիվացման նման մի միջոցառում, որը ոչինչ չի տա մեր համայնքների զարգացմանը:

Ինչ վերաբերում է խոշորացման դեպքում ենթակառուցվածքների զարգացմանը, մեր զրուցակիցը նշեց, որ նման քայլեր կառավարությունը կարող է անել առանց խոշորացման ծրագրի՝ գումարները ծախսելով խիստ նպատակային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս