«Պատճառներն ու նպաստող հանգամանքները ուսումնասիրվում են». ՊՆ փոխնախարարը՝ հակառակորդի կողմն անցած զինվորի մասին
«Դուք այնպիսի հարց եք տալիս, որ ես պետք է առնվազն Ադրբեջանում լինեի, որ տեսնեի՝ սարքել ե՞ն, թե՞ չէ: Ասում եք՝ մանրամասներ ներկայացրեք տեղի ունեցածից: Ի՞նչ է նշանակում մանրամասն ներկայացնել: Մանրամասն պիտի տիրապետենք, չէ՞, որ ներկայացնենք: Ո՞նց մանրամասն տիրապետենք, երբ նոր ենք ուսումնասիրում: Մենք գիտենք, որ անցել է հակառակորդի կողմ, պատճառներն ու նպաստող հանգամանքները ուսումնասիրվում են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է կարծում՝ սահմանը անցած հայ զինվորի մասին տարածված ադրբեջանական տեսանյութը իրակա՞ն է, թե՞ ռեժիսուրայի ժանրից է:
Զինվորի՝ հոգեկան հիվանդ լինելու խոսակցությունների մասին փոխնախարարը նշեց, որ չի կարող ոչ մի բան ասել. այս պահին ուումնասիրվում է, և միանգամից պատասխան տալ չի կարող: Նա նշեց, որ զինվորին օգնելու համար ՊՆ-ն համագործակցում է Կարմի խաչի հետ, նաև՝ բոլոր պատկան կառույցները իրազեկված են: Ա. Նազարյանի խոսքով՝ այս դեպքի պատասխանատվությունը կոնկրետ անհատի վրա է ընկնում: Հարցին, թե ՊՆ-ի մեղավորությունը չկա՞, Նազարյանը վրդովվեց. «Ինչի՞ պաշտպանության նախարարության, ի՞նչ է նշանակում: Դեռ պատճառները կուսումնասիրենք, կտեսնենք ինչն է եղել պատճառը: Դուք միանգամից ուզում եք մեղավոր ման գաք, տենց ո՞նց կլինի: Ես չեմ հասկանում Ձեր մոտեցումը»:
Դիտարկմանը, որ կարծիք կա, որ սահհանին ինքնապաշտպանության խնդիր կա, քանի որ փորձառու անձինք չեն պաշտպանում սահմանը, փոխնախարարը հավաստիացրեց, որ սահմանին կանգնած են փորձառու անձինք. «Բոլորն էլ փորձառու են, այնտեղ պատահական մարդիկ չկան: Դուք հիմա ուզում եք հակառակորդի սադրանքները վերագրեք մեզ: Իսկ դուք ինչո՞ւ չեք պնդում, որ Ադրբեջանը զոհերի իրական քանակը չի ասում»:
Ա. Նազարյանի կարծիքով՝ պատերազմը չի վերսկսվի, քանի որ դա առաջին հերթին ադրբեջանցիներին ձեռնտու չէ: