Շվեյցարիայի ջանքերն ապարդյուն էին. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նոր օրակարգ է անհրաժեշտ. թուրք վերլուծաբան

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Շվեյցարիայի ջանքերը վաղուց ապարդյուն էին, քանի որ 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները մահացած էին ի սկզբանե, նույնիսկ դրանց ստորագրումից մեկ տարի հետո, ադրբեջանական գործոնի պատճառով»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայեր, ներեք մեզ» քարոզարշավի մասնակից, Ստամբուլի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, թուրք պատմաբան, վերլուծաբան Չենգիզ Աքթարը:

Նա նշեց, որ հին օրակարգն այլևս կենսունակ չէ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նոր օրակարգ է անհրաժեշտ մշակել: Նրա համոզմամբ` նոր օրակարգ կարող է ձևավորվել Թուրքիայի վերափոխված քաղաքականության արդյունքում, երբ Թուրքիան հայ-թուրքական սահմանների բացման համար չի դնի նախապայմաններ, իսկ այսօր՝ Էրդողանի ներկայիս հռետորաբանության պայմաններում, գրեթե անհնար է խոսել նման փոփոխությունների մասին` հատկապես երկրում սպասվող քաղաքական փոփոխությունների և Թուրքիայի՝ Ադրբեջանից կախվածության ֆոնին: Չենգիզ Աքթարի կարծիքով` Թուրքիան այս տարի, ինչպեսև մոտ ապագայում, ևս չի համարձակվի առերեսվել պատմության և ճշմարտության հետ, ինչը ցույց տվեց Չանաքքալեի պատերազմում հաղթանակի 100-ամյակը մարտի 18-ի փոխարեն ապրիլի 24-ին տոնելու՝ Թուրքիայի ներկայիս իշխանությունների դատապարտելի որոշումը:

Հիշեցնենք, որ Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ Շվեյցարիան իր պատրաստակամությունն ուժի մեջ է պահում և շարունակում է օժանդակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: «Մենք կարծում ենք, որ դա երկու երկրների հարաբերությունների բարելավման լավագույն միջոցն էր»,- ասել է դեսպանը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս