Սերժ Սարգսյանը պատժո՞ւմ է յուրայիններին
ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը («Գարեջրի» Հակոբ) դիմել է դատարան՝ ընդդեմ հարկային մարմինների: Վերջիններս անցած տարի ստուգումներ էին իրականացրել Հ.Հակոբյանին պատկանող «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ում և տուգանել 653.6 մլն դրամով: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում Հ.Հակոբյանը չհամաձայնեց, որ Սերժ Սարգսյանը պատժում է յուրայիններին: Հարկայինը, հիշեցնենք, վերջերս ստուգումներ էր իրականացրել նաև ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշ) պատկանող Հրազդան տոնավաճառում և տուգանել 60 մլն դրամով:
«Հարկային մարմինները իրենք իրենցով են անցկացնում ստուգումները, իրենց գիտելիքների չափով տարբեր ձևի մեկնաբանություններ են տալիս, և տարբեր ակտեր են գրում»,- ասաց Հակոբյանը:
«Մենք բոլորս հայ ենք և բոլորս պետք է մտածենք մի ձևի: Եթե մենք ուզում ենք մեր երկիրը զարգացնենք և առաջ տանենք և հաղթենք թուրքին, ուրեմն մենք պետք է միասնական լինենք և չասենք, թե այսօր այս ղեկավարը այս թիմից է, կամ գործարարը այս թիմից, է մյուսը` մեկ այլ թիմից: Դա կործանարար է մեր երկրի համար»,- նկատեց Հ.Հակոբյանն ու հավելեց, թե երկիրը պետք է զարգանա և դառնա Սինգապուր: