Սաակաշվիլին հայտարարել է Վրաստանում պայքարի վճռական փուլին անցում կատարելու մասին
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մեկնարկել է Վրաստանում իշխանության ղեկին «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության վերադարձի պայքարի վճռորոշ փուլը:
Սաակաշվիլին այդ մասին գրել է Facebook-ի իր էջում` մեկնաբանելով երեկ Թբիլիսիի կենտրոնում ՄԱՇ-ի մեկնարկած բողոքի ակցիան. «Մի բան հստակ է. մենք անցում ենք կատարում պայքարի վճռական փուլին»:
Քիչ անց Սաակաշվիլին դիմել է բողոքի ակցիայի մասնակիցներին և հայտարարել, որ Վրաստանի կառավարությունն ամբողջովին կորցրել է իր ժողովրդի վստահությունը և պետք է հեռանա: Սաակաշվիլին ընդգծել է, որ իրենք շուտով մութ ուժերից կազատեն Վրաստանը և նրան կվերադարձնեն լուսավոր ուղի:
Բողոքի ակցիայի կազմակերպիչների խոսքերով` ակցիային մասնակցել է մոտ 50.000 մարդ: Ակցիայի մասնակիցները պահանջել են կառավարության հրաժարականը և բողոքի ակցիան ավարտել են Պետական գրասենյակի մոտ, ուր նրանք Վրաստանի կառավարությանը տվել են խորհրդանշական «կարմիր քարտ», օդ են բաց թողել շնաձկան ու պինգվինի տեսքով փուչիկներ և խաղաղ ցրվել: