
2014 թվականին Հոլիվուդում ամենամեծ շահույթն ունեցել է The Walt Disney ընկերությունը

The Hollywood Reporter-ի փոխանցմամբ` The Walt Disney ընկերությունը 2014 թվականին ամենամեծ շահույթն է ունեցել Հոլիվուդում: Խոսքը գնում է 1.7 միլիարդ դոլարի շահույթի մասին, ինչը լավագույն արդյունքն է Հոլիվուդի վեց խոշորագույն կինոստուդիաների թվում:
The Walt Disney-ի այդ հաջողությունը կապված է «Սառը սիրտը» անիմացիոն ֆիլմի հաջողությունների հետ, որն էլ օգնեց, որ ընկերությունը գլխավորի The Hollywood Reporter-ի հրապարակած 5-րդ վարկանիշային աղյուսակը:
Դրանով իսկ չորս տարի անընդմեջ տվյալ ցուցակի առաջատար հանդիսացած The Warner Brothers-ը հայտնվել է երրորդ հորիզոնականում: 2014 թվականի արդյունքներով նրա մաքուր շահույթը կազմել է 1.3 միլիարդ դոլար:
Երկրորդ տեղում է XXth Century Fox ընկերությունը` 1.5 միլիարդ դոլարի շահույթ, ապա գալիս են NBC Universal-ը` 771 միլիոն դոլարի շահույթ, Sony Pictures-ը` 552 միլիոն դոլարի շահույթ, Paramount Pictures-ը` 219 միլիոն դոլարի շահույթ:
Ընդհանուր առմամբ` 2014 թվականին ԱՄՆ-ի կինոշուկայի դրամարկղերում հավաքվել է 5.2 տոկոսով ավելի պակաս գումար` համեմատած նախորդ տարվա հետ, միևնույն ժամանակ տնային կինոթատրոնի ոլորտում կատարված ծախսերը կրճատվել են 11 տոկոսով: