Զարուհի Փոստանջյանը՝ «Ժառանգության» ներսում առկա լարվածության մասին. «Ունեցել ենք քննադատություն, որը, կարող եմ ասել, պնդում եմ, բայց լարվածություն չունենք»
Չնայած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հիմա գտնվում է ԱՄՆ-ում, բայց խոստման համաձայն՝ այսօր «Ժառանգություն» կուսակցության անդամներ Դավիթ Սանասարյանը, Զարուհի Փոստանջյանը և Արմեն Մարտիրոսյանը եկել էին Ազատության հրապարակում հրավիրված հավաք-ասուլիսին:
Լրագրողները Զ. Փոստանջյանից հետաքրքրվեցին՝ շարունակվո՞ւմ են արդյոք կուսացությունում առկա հակասությունները՝ իր, Արմեն Մարտիրոսյանի և Ռուբեն Հակոբյանի միջև: Նա նախ՝ հրաժարվեց պատասխանել այդ հարցերին՝ ասելով, որ այդ հարցերին կանդրադառնա կուսակցության խորհրդակցությունից հետո:
Այնուամենայնիվ, լրագրողներից մեկի պնդմանը, թե լարվածությունը դեռ պահպանվո՞ւմ է կուսակցությունում, Զ. Փոստանջյանը պատասխանեց, որ իրենք լարվածություն երբեք չեն էլ ունեցել. «Ունեցել ենք քննադատություն, որը, կարող եմ ասել, պնդում եմ, մնում է օրակարգում, բայց լարվածություն չունենք»:
Հարցին՝ Ձեր գործընկերների հետ շփվո՞ւմ եք հիմա, Զ. Փոստանջյանը պատասխանեց, որ բոլորի հետ ինքը շփվում է:
Հարցին էլ՝ Արմեն Մարտիրոսյանի և Ռուբեն Հակոբյանի հետ խոսե՞լ եք այդ թեմայով, Զ. Փոստանջյանը պաատասխանեց, որ՝ ոչ, չի խոսել:
Կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանն էլ ավելացրեց, որ ՀՀ-ում չկա «Ժառանգություն» կուսակցության ներքին խնդիր, ՀՀ-ում կա «իշխանությունից ազատվելու և ՀՀ իշխանությունը քաղաքացուն վերադարձնելու խնդիրը»:
««Ժառանգությունում», ինչպես և ցանկացած ընտանիքում և կուսակցությունում, խնդիրներ լինում են, կարող է մի քիչ ավելի սուր լինի, ավելի թույլ լինի, որոնց մասին կարող եք նաև դուք չիմանալ, բայց դա չէ խնդիրը, դրանք հարթվող խնդիրներ են, չհասկացվածություն լինում է ցանկացած խնդիրներում, և այդ խնդիրները կհարթվեն»,- ասաց կուսակցության մամուլի խոսնակը:
Ա. Մարտիրոսյանն էլ իր հերթին՝ լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլոր հարցերին կպատասխանի միայն վարչության նիստում քննարկելուց հետո:
Հարցին՝ ո՞ւմ նկատի ունեիք Ձեր ֆեյսբուքյան էջում գրելով՝ «Բաղրամյան 26-ի ստվերային հաճախորդ», Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, թե նկատի ուներ «ստվերային հաճախորդներին», բայց կոնկրետ անուններ չնշեց:
Ի դեպ, Ա. Մարտիրոսյանն այսօր Ազատության հրապարակում ելույթ չունեցավ, և Դ. Սանասարյանի և Զ. Փոստանջյանի ելույթների ժամանակ էլ կանգնած էր հեռվում:
168.am-ը հետաքրքրվեց Ա. Մարտիրոսյանից, թե ինչո՞ւ այսօր ինքը ելույթ չունեցավ: Ի պատասխան՝ նա ասաց. «Իսկ ո՞վ է ասում, որ ես ամեն անգամ ելույթ եմ ունենում, ես նույնիսկ հոկտեմբերի 24-ի մեծ հանրահավաքին ելույթ չեմ ունեցել»:
Ի պատասխան մեր դիտարկմանը՝ կոնկրետ «Ժառանգության» հավաքների մասին է խոսքը, Ա. Մարտիրոսյանը կրկնեց՝ «Հո բոլոր հավաքներին ես ելույթ չե՞մ ունեցել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: