
Հյուսիսային պողոտայում գտնվող «Մոսկվիչկա» խանութը նույնպես փակվում է

Այսօր Հյուսիսային պողոտայում գտնվող «Մոսկվիչկա» խանութի ցուցափեղկերից հավաքում են ապրանքների վերջին «մնացորդները»: Նշենք, որ այն վերջինն էր մնացել «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցից:
Խանութի աշխատակիցների խոսքով՝ այն փակվում է կարճ ժամանակով: Ըստ նրանց՝ արդեն երկուշաբթի օրը խանութը կրկին «կլցվի» ու կգործի: Իսկ փակման պատճառը, աշխատակիցների խոսքով, սեփականատիրոջ փոփոխությունն է: Ընդ որում՝ մնացած եզակի ապրանքներից որևէ գնում կատարելու դեպքում այսօր նույնիսկ ՀԴՄ կտրոն չեն տրամադրում: Դա պատճառաբանեցին նրանով, թե վերջնահաշվարկ են անում և ՀԴՄ չկա:
Հիշեցնենք, որ խանութների ցանցն աշխատեցնող ընկերությունը փոխվել էր դեռ անցած տարվա աշնանից, և նախկին «Բիզնես լիդեր հոլդինգի» փոխարեն «Ռոյալ իգլ» ընկերությունն էր աշխատացնում: «Մոսկվիչկայի» սեփականատեր, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյան որդին` Արմեն Նազարյանը, ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ փոխությունն արվել է, որպեսզի ցանց իր հունով նորմալ աշխատի, «Բիզնես լիդերն» էլ իր պարտքերի հարցերը լուծի: Նա նաև վստահեցրել էր, թե Հյուսիսային պողոտայի «Մոսկվիչկան» շարունակելու է աշխատել նույն կերպ և անվանումը չի փոխվելու: