Լուսինե Սահակյանը՝ ոստիկանությանը. «Ընկերներ, այդ ո՞ր օպերացիան եք դուք համարում գերազանց իրականացված»
Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով սվին-դանակի վրայից արյան հետքեր են հայտնաբերվել, և ըստ փորձաքննության՝ արյան խումբը համապատասխանում է մահացած փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի արյան խմբի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը: Իրավահաջորդների մյուս ներկայացուցիչը՝ Լուսինե Սահակյանն էլ ավելացրեց, որ դատակենսաբանական փորձաքննությամբ պարզվել է, որ ընտանիքի բոլոր անդամների արյան խմբերը, բացառությամբ ավագ Սերյոժա Ավետիսյանի, նույնն են: Հետևաբար՝ չեն կարող ասել՝ միայն փոքրիկ Սերյոժա Ավետիսյա՞նն է սվին-դանակով հարվածներ ստացել, թե՞ ոչ. դա, ըստ փաստաբանների, պարզ կդառնա դատաբժշկական փորձագետի եզրակացությունները ստանալուց հետո: Իրավահաջորդների մյուս ներկայացուցիչը՝ Երեմ Սարգսյանն էլ ասաց, թե սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի արյան խումբը տարբերվում է ընտանիքի բոլոր անդամների արյան խմբից:
Անդրադառնալով տեղեկություններին, որ Վալերի Պերմյակովն այդպես էլ դեպքի վայր չի տարվել, Լուսինե Սահակյանն ասաց, թե պարտադիր չէ, որ բոլոր գործերով տարվի դեպքի վայր, և այնտեղ նրա մասնակցությամբ քննչական գործողություն կատարվի: Փաստաբանի խոսքով՝ այդ քննչական գործողության անհրաժեշտությունը ծագում է ընդհանուր քննության ընթացքում, բայց քանի դեռ իրենք ծանոթ չեն քրեական գործի բոլոր նյութերին, այդ պահին դրա անհրաժեշտության մասին չեն կարող խոսել: «Որոշ դեպքերում նույնիսկ սխալ է, երբ անձը բերվում է դեպքի վայր»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ անձը դեպքի վայրը չիմանալով՝ կարող է ցուցմունք տալ, սակայն դեպքի վայրը տեսնելով՝ կարող է շտկել իր ցուցմունքը: Երեմ Սարգսյանն էլ ավելացրեց, որ ցանկացած գործով դա կարող է արվել միայն մեղադրյալի ցանկությամբ:
«Ամենակարևոր հարցը, այս գործում հարցերի հարցն այն է, որ շատ լուրջ խնդիր է առաջացել առաջին ժամերին, երբ, չգիտես՝ ինչու, Պերմյակովը հայտնվել է ռուսական կողմի մոտ: Այստեղից առաջացել է շատ լուրջ խնդիր, որի հետևանքով կա երկու քրեական գործ, երկու մեղադրանք, ապացույցներ երկու տարբեր քրեական գործերում»,- ասաց Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ երկկողմանի համաձայնագրով՝ ռուսական կողմն իրավունք չուներ սպանության մեղադրանքով գործ քննել:
«Ապանության մեղադրանքով քրեական գործը պետք է քններ հայկական կողմը: Բայց մեր իրավապահ մարմիններն առաջին ժամերին, անկեղծ ասած, չգիտենք՝ ինչո՞վ են զբաղված եղել: Ինչպե՞ս է Պերմյակովն ընդհանրապես հայտնվել ռուսական կողմի մոտ և ինչպե՞ս կարող է Ոստիկանությունը հայտարարել, որ իրենք հիանալի օպերացիա են իրականացրել: Ես չեմ հասկանում՝ իրենք ինչի՞ անունն են դնում՝ «հիանալի օպերացիա»: Ի՞նչ են իրենք արել: Ես, ճիշտն ասած, կուզենայի պաշտոնյաներին հարց տալ՝ ընկերներ, ասեք, թե այդ ո՞ր օպերացիան եք դուք համարում գերազանց իրականացված օպերացիա, որովհետև, եթե խոսքը գնում է նրա մասին, որ ռուսական կողմն է նրան ձերբակալել, դուք ուրեմն ոչինչ չեք արել: Եթե խոսքը գնար նրա մասին, որ դուք ձերբակալել եք, օպերացիա եք իրականացրել, այո, ես կարող էի ասել՝ հնարավոր է և գերազանց օպերացիա եք իրականացրել»,- ասաց Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ ռուսական կողմն էլ չի կարող բազմակողմանի քննություն իրականացնել, որովհետև ապացույցների հիմնական մասը գտնվում է հայկական կողմի մոտ, սակայն ապացույցների մի մասն էլ իրենց մոտ է:
Փաստաբանի խոսքով՝ մի բան է, երբ մեղադրյալը ձերբակալված է տվյալ պետության կողմից, որը հարցաքննում է նրան, մեկ այլ բան՝ երբ նրան «հյուրի կարգավիճակով են հարցաքննում»: «Այսինքն՝ այս անգործության շնորհիվ հիմա մենք ունենք իրավիճակ, երբ նույնիսկ երկու կողմից մեծագույն ցանկության դեպքում այս գործի բազմակողմանի քննությունը հարցականի տակ է դրված»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ արվում են փորձեր՝ հնարավորինս լուծումներ գտնելու համար:
Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ որոշակի ժամանակահատվածում հայկական կողմը գործը հանձնի ռուսական կողմին կամ՝ հակառակը, Լուսինե Սահակյանը պատասխանեց, որ շատ վաղ է դրա մասին խոսել. «Իրավիճակ է ստեղծվել, որի լուծումը դեռևս չկա»: