ԵՄ-ը հրաժարվում է կոմերցիոն գաղտնիքից

BBC-ի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը մտադիր է ուժեղացնել ճնշումն անդրազգային ընկերությունների վրա, որոնք միտումնավոր մանիպուլացնում են ֆինանսական ցուցանիշները, որպեսզի նվազեցնեն հարկային վճարումները: Եվրոպական հանձնաժողովի անդամները նոր կանոններ են ներդնում հարկային մուտքերի մասին տեղեկություններ հավաքելու համար:

Դրանց համաձայն՝ ԵՄ-ի բոլոր երկրները պարտավոր են միմյանց հետ փոխանակվել հարկային տեղեկատվությամբ: Ավելին, պետությունն իրավունք կունենա խնդրելու առավել մանրակրկիտ տեղեկատվություն մյուս երկրում կոնկրետ ընկերության աշխատանքի մասին:

Հարկային տեղեկատվության (փոխադարձ) փոխանակումը կիրականացվի երեք ամիսը մեկ անգամ: Ընդ որում, որևէ պետություն չի կարող հրաժարվել տեղեկատվություն տրամադրելուց՝ հենվելով կոմերցիոն գաղտնիքի կամ պետական քաղաքականության վրա:

Տվյալ նորարարության համար հիմք է ծառայել եվրոպական մի շարք երկրների կողմից անդրազգային ընկերությունների հանդեպ բարյացակամ վերաբերմունքը: Խոսքը գնում է Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Բելգիայի, Իռլանդիայի մասին, որոնց հարկային քաղաքականությունը Եվրոպական հանձնաժողովի կարծիքով նպաստում է հարկերից խուսափելուն:

Նորարարությունն ուժի մեջ կմտնի ԵՄ-ի անդամ բոլոր երկրների կողմից հավանության արժանանալուց հետո:

Տեսանյութեր

Լրահոս