ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցել են Հերմինե Նաղդալյանն ու Նաիրա Կարապետյանը

Մարտի 16-ին Փարիզում կայացել է ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը և պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:

Նիստը վարել է հանձնաժողովի նախագահը՝ հույն պատգամավոր Թեոդորա Բակոյանիսը: Նիստի օրակարգում Հայաստանին ուղղակիորեն կապված հարցեր չկան: Իտալացի պատվիրակ Ռիգոնին տեղեկատվություն է ներկայացրել «Իրավիճակը Բելառուսում» զեկույցի վերաբերյալ իր փաստահավաք առաքելության մասին: Հաջորդ հարցը վերաբերել է Սիրիայում օտարերկրացի զինյալներին: Բելգիացի պատգամավոր Վան դեր Մալենը կազմակերպել էր լսումներ Բելգիայից, Շվեյցարիայից, Նորվեգիայից և Նիդերլանդներից գիտական-հետազոտական շրջանակների և գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր ներկայացրին իրենց աշխատանքները այդ ուղղությամբ: Զեկուցողին և հանձնաժողովի անդամներին հետաքրքրող հիմնական հարցն էր՝ ինչո՞ւ և ի՞նչ հիմնավորումներով են մարդիկ մասնակցում այլ երկրներում ծավալվող կոնֆլիկտներին և ի՞նչ քաղաքականություն պիտի վարել, ի՞նչ մեթոդոլոգիա ընտրել նրանց հետ աշխատանքներում: Հրավիրյալ մասնագետները ներկայացրին իրենց պատկերացումները և ուսումնասիրությունները: Խնդիրը բնութագրելիս նշվեց, որ ներկայումս Սիրիայում ավելի շատ զինյալներ կան դրսից, քան եղել են նախկին բոլոր կոնֆլիկտներում միասին վերցրած, բացի այդ՝ աճում է կոնֆլիկտների աշխարհագրական ծածկույթը և ռադիկալացումը:

Օրակարգի հարցերից մեկն էլ վերաբերում էր Մարոկկոյի ժողովրդավարացման գործընթացին: Քննարկվեցին նաև չեխ պատվիրակ Զելենկովայի «ՈՒկրաինական ճգնաժամի քաղաքական հետևանքները» զեկույցի վերաբերյալ փաստահավաք առաքելության արդյունքները: ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում քննարկվել է նաև տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գործունեության մասին զեկույցը, որի վերաբերյալ զեկուցողը նիդերլանդացի պատգամավոր Ելզինգան էր, նա տեղեկացրել է աշխատանքի միջանկյալ արդյունքների մասին:
Հայաստանի պատգամավորները հանձնաժողովի նիստի մասնակիցներին ներկայացրել են վերջերս Եվրոպայի ժողովրդական կուսակցությունների քաղաքական ասամբլեայի ընդունած հայտարարությունը, որի տեքստը բաժանվել է ներկաներին: Նրանք շնորհակալություն են հայտնել ԵԺ կուսակցությունների և խմբի ներկայացուցիչներին՝ այս կարևոր հարցին աջակցելու համար:

Նշելով, որ հայտարարության 6-րդ կետով ԵԺԿ-ն կոչ է արել Եվրամիության և Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին, Միջազգային կազմակերպություններին, բարի կամքի բոլոր մարդկանց՝ անկախ ազգությունից և դավանանքից, միացնել իրենց ջանքերը պատմական արդարությունը վերականգնելու և ցեղասպանության զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը տալու, հայ պատգամավորները իրենց գործընկերներին կոչ են արել միանալ ցեղասպանությունների կանխարգելման պայքարին:

ՀՀ ԱԺ

Տեսանյութեր

Լրահոս