Էրդողանը Հայաստանի ղեկավարությանը կոչ է արել ցույց տալ ցեղասպանության մասին իր փաստաթղթերը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Առաջին համաշխարհային պատերազմին առնչվող օսմանյան արխիվային փաստաթղթերի ցուցադրման միջոցառման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաւ Հայոց ցեղասպանության հիմնախնդրին.
«Հայկական սփյուռքը աշխարհում ամենուրեք ցեղասպանության պնդումների վրա հենված կամպանիայով աշխատում է լայն հասարակության մոտ թշնամանք սերմանել Թուրքիայի նկատմամբ:
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նրա վրա, որ այդօրինակ կամպանիաների նպատակը պատմական մի ժամանակաշրջանում հայերի ապրած ցավերը կենդանի պահելն է՝ մեր երկրի ու ժողովրդի դեմ թշնամություն ուղղելու համար: Մենք ի սկզբանե հանդես ենք եկել սկզբունքային, հետևողական ու անկեղծ դիրքորոշմամբ:
Ի՞նչ ենք ասում մենք: Մեր ասածը հետևյալն է. պատմական ամեն ժամանակաշրջանում, այդ թվում նաև պատերազմների տարիներին վերապրած ցավերը կարող են լինել աղետալի: Սակայն դա չի վերաբերվում միայն հայերին: Այդ ժամանակաշրջանում Բալկաններում, Կովկասում գրանցվել են մուսուլմանների ամենամեծ սպանդերը:
Անատոլիայում հայերի կրած կորուստները (վնասը) համեմատելի են հայերի գործողություններից հարյուր հազարավոր մուսուլմանների կրած կորուստների հետ: Այդ ամենը գրանցված է փաստաթղթերում: Այս հարցը միջազգային քաղաքականության գործիքի վերածելու հարց չէ»:
Հե˜յ Հայկական սփյուռք, հե˜յ Հայաստանի ղեկավարություն, եկեք բացենք մեր արխիվները: Փաստաթղթերն այստեղ են: Ներկայում մենք ունենք հարյուր հազարավոր, միլիոնավոր դասակարգված փաստաթղթեր: Դուք որքա՞ն փաստաթուղթ ունեք: Ցույց տվե՛ք ձեր փաստաթղթերը:
Եկեք գործը հանձնարարենք (լիազորենք) մեր պատմաբաններին, արխիվագետներին, քաղաքագետներին, և անգամ հնագետներին ու իրավաբաններին: Թող գան և աշխատեն այս փաստաթղթերի հետ, ամեն ինչ կա այնտեղ: Իրականությունը փնտրենք այստեղ:
Սակայն (հայկական կողմի) նպատակն իրականությունը վեր հանելը չէ, նպատակն ընկալման տեսանկյունից Թուրքիայի վրա հարձակվելն է, վնաս պատճառելը, այլ բան չկա»: