«Սա 21-րդ դարն է, իսկ մենք ուզում ենք 20-րդ դարի մոդելները հարմարեցնել ապագայի համար»
Հարցազրույց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ
– Պարոն Մեսրոբյան, սահմանադրական փոփոխությունների համար արդեն առաջարկվում է երկու մոդել` խորհրդարանականը և գործող կիսանախագահականի բարեփոխված տարբերակը։ Ըստ Ձեզ` ո՞ր համակարգն ավելի արդյունավետ կլինի մեր երկրի համար։
– Երկուսն էլ անցյալ դարի հնություն ունեն, ոչ մեկն էլ նորմալ չի աշխատի։ Անցյալ դարի երկրորդ կեսին աշխարհով մեկ սկսվեց պետական կառավարման ճգնաժամը, և մարդկությունը փորձում էր պետության կառավարման լավ ձև գտնել։ Եվ պետք է նշեմ, որ նախագահական, կիսանախագահական, խորհրդարանական մեթոդները չեն արդարացնում իրենց։
Ֆրանսիական պետությունը 5 անգամ փոխել է իր կառավարման մոդելը` և՛ նախագահականն են փորձարկել, և՛ խորհրդարանականը, և՛ կիսանախագահականը, և այլն, ու ամեն մի համակարգը 50-60 տարուց երկար չի աշխատել։ Եվ մենք ուզում ենք նորից, այսպես կոչված, քաղաքակիրթ աշխարհի արդեն հետամնաց, իրենց էլ չբավարարող կառավարման համակարգեր դնել։
– Այդ դեպքում ի՞նչ պետք է անել, ինչ-որ մոդել պետք է, չէ՞, լինի։
– Ճիշտ է, բայց ոչ այն շրջանակում, որը հիմա փնտրվում է Հայաստանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, բոլոր այն պետությունները, որոնք կառավարման իմաստով և որպես հետևանք` տնտեսական թռիչք են ապահովել (լինի դա Չինաստանը, Հարավային Կորեան, Սինգապուրը և այլն), ոչ մեկը չի կրկնօրինակել այդ մոդելները։ Ամեն տեղ կան շատ լուրջ առանձնահատկություններ, տարբերություններ այդ ձեր նշած մոդելներից։ Թող սովորեն, հիմա հազար ու մի բան կա, համացանց կա։ Ես զարմանում եմ, որ ընկել են` 19-րդ, 20-րդ դարի կեսի մոդելներն են ուզում փորձարկել։
– Այսինքն` պետք է մեր երկրին համապատասխան նոր մոդե՞լ ստեղծվի։
– Միանշանակ։ Այլ ձևով թռիչք չեն անում։ Ես 11 պետություն եմ ուսումնասիրել, ոչ մեկը չի վերցրել որևէ մոդել և թռիչք ապահովել, անգամ նման մի օրինակ չկա։ Բոլոր 11-ն էքսկլյուզիվ մոդելներով են արել։
– Իշխանությունները չե՞ն հասկանում, որ նման էքսկլյուզիվ մոդել է մեզ պետք, թե՞ ինչ-որ նպատակ են հետապնդում` այս մոդելները կիրառելով։
– Ես պարբերաբար ասում եմ` 1991 թվականին Հայաստանում ստեղծվեց պետության կառավարման հետ կապված, այսպես կոչված, քաղաքական օլիմպոս, որը դարձել է համարյա փակ ակումբ։ Այնտեղ մարդիկ են, որոնք մե՛կ ընդդիմադիր են եղել, մե՛կ ոչ իշխանական, մե՛կ իշխանական ոլորտներում, որպես կանոն, տապալել են իրենց ոլորտները, բոլորը չէ, բայց ճնշող մեծամասնությունը, և իրենք փաստորեն անհաջողակ են։ Բնական է, որ անգամ, եթե ինչ-որ բան ուզեն անել, իրենց հին մոդելների շրջանակում պետք է ման գան, որովհետև իրենք դրան են սովոր։
– Ըստ Ձեզ` հասարակության այս հիասթափության ներքո` ինչպե՞ս կանցնեն սահմանադրական բարեփոխումները։
– Իսկ հասարակությունն ինչո՞ւ է հիասթափված։
– Ամեն դեպքում, ոչ իշխանական եռյակի հետ հույսեր էին կապում, բայց տեսանք` ինչ եղավ։
– Հետաքրքիրը հենց դա է` ամեն անգամ հույսեր են կապում։ Ինչպե՞ս կարող է մեր հասարակությունը, ոչնչով լավը չլինելով մեր իշխանություններից, հիասթափվել։ Մենք բոլորս նույն գինն ունենք։ Շատ ցածր գին։ Հայությունը մահացու հիվանդ է։
Ստեղծվել է ներազգային ներդաշնակ վիճակ։ Այդ վիճակը հենց այնպես չի փոխվում։ Հակառակը` ինքն իրեն վերարտադրելու է որոշակի ազգանունների փոփոխության միջոցով, բայց այդ վիճակը չի փոխվի։ Հիմա մենք բոլորս պետք է դուրս գանք մի ցուցանակով` «Մենք բոլորս իշխանություն ենք», նույնն ենք մենք։
– Ըստ Ձեզ` ո՛չ կիսանախագահական, և ո՛չ խորհրդարանական մոդելներից չի՞ կարելի որևէ արդյունք ակնկալել։
– Սա 21-րդ դարն է, իսկ մենք ուզում ենք 20-րդ դարի մոդելները հարմարեցնել ապագայի համար։ Ես այսօր` 2015 թվականի մարտի 18-ին, երաշխավորում եմ` փոփոխություններ մի սպասեք, ընդ որում, տեր եմ իմ երաշխիքին, պատրաստ եմ գլխով պատասխան տալ։ Ասենք` կանգնած է ավտոմեքենա, ինձ հարցնում են` հիմա այդ ավտոմեքենայի բաքի մեջ ջուր լցնենք, այն կգնա՞, ասում եմ` ոչ, ասում են` իսկ եթե մի քիչ շաքարավազ ավելացնենք` կգնա՞, ասում եմ` ոչ, ասում են` իսկ եթե մի քիչ էլ աղ ավելացնե՞նք, ասում եմ` ոչ, ու գլխով պատասխան եմ տալու, որ աղաջրով, շաքարաջրով մեքենան չի շարժվի։