«Պզդիկ ազգի խոսակցություն». «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը իր այսօրվա խմբագրականում գրում է.
«Վերջերս «Ա1+»-ի P.S. հաղորդման ժամանակ բանաստեղծ Դավիթ Հովհաննեսն ինձ պատմեց մի դեպքի մասին, որն իր հերթին իրեն պատմել է հայրը՝ բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանը:
Վիլյամ Սարոյանի՝ Հայաստան հերթական այցի ժամանակ նրան պատիվ էին տալիս հայ մտավորականներն ու արվեստագետները, եւ երբ խնջույքը տաքացավ, մասնակիցները սկսեցին հիշել, թե որ երկրի արվեստագետն է ազգությամբ հայ, եւ քանի բարոյական հաղթանակ է հայ ժողովուրդը տարել իր պատմության ընթացքում:
Այդ խոսակցության ընթացքում ամերիկահայ գրողը գնալով մռայլվում էր եւ ի վերջո բեղերի տակից նետեց՝ «պզդիկ ազգի խոսակցություն»:
Այդ պատմությունը ես հիշեցի՝ այսօր կարդալով, մեղմ ասած, «նեղացած» մեկնաբանությունները Եվրանեսթի համանախագահ, ուկրաինացի պատգամավոր Բորիս Տարասյուկի հայտարարությունների վերաբերյալ: Ասվում է, որ այդ գործիչը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ունի ադրբեջանամետ, իսկ Ցեղասպանության հարցում՝ թուրքամետ դիրքորոշում: Համաձայն չեմ. նա պաշտպանում է բացառապես իր երկրի ազգային շահերը, եւ հենց այդ տեսանկյունից Ադրբեջանն ու Թուրքիան նրա համար ավելի կարեւոր են եւ հետաքրքիր, քան Հայաստանը:
Նույնչափ մենք նեղվել էինք Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգից, որը հայտարարել էր, թե ներկա չի գտնվի Երեւանում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը, քանի որ Թուրքիայի ու Նորվեգիայի հարաբերությունները ավելի կարեւոր են: Ես, օրինակ, շնորհակալություն կհայտնեի այդ կնոջը, որ նա բաց տեքստով, առանց ձեւեր թափելու ասել է, թե ինչու չի գալու Հայաստան»:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։