Ջրի նոր սակագինը ընտանիքի ծախսերը կավելացնի ամսական 25 դրամով

Ջրի սակագների վերանայման հայտ «Երևան ջուր» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել է՝ տնտեսական ոչ բարենպաստ իրավիճակով պայմանավորված: Ըստ ճշգրտված հաշվարկի, սակագինը պետք է բարձրանա 2,4 դրամով՝ 1 խմ-ի դիմաց: Հաստատվելու դեպքում, ըստ ընկերության հաշվարկի,  ջրի վարձավճարը միջին սպառող ընտանիքի համար կավելանա ամսական 25 դրամով:

«Այս թանկացման հիմքում մի քանի գործոններ կան՝ սղաճ, որն այս տարի կազմում է 3 տոկոս, էլեկտրաէներգիայի սակագին, եվրո-դրամ փոխարժեք, վաճառվող ջրաքանակ: Հայտի քննությունը կտևի 3 ամիս։ Նշեմ, որ սա ընկերության համար մեծ հաշվով չնչին գումար է, ուղղակի հաշվարկի պարտավորություն է, որը պետք է իրականացվի ընկերության կողմից»,-հայտնեց «Երևան Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության ղեկավար Մուրադ Սարգսյանը:

Ըստ ընկերության ներկայացուցչի, սակագնի նման փոքր բարձրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը կարողացել է խնայողություններ անել և լավ կառավարել ցանցը: Այս նոր սակագինը, սակայն, կարող է մյուս տարի փոխվել, քանի որ ընկերությունը պատրաստվում է 21մլն դոլարի վարկային և դրամաշնորհային միջոցներ ներդնել նոր ծրագրերի իրականացման համար: Արդյունքում նախատեսվում է, որ ջրային կորուստները կնվազեն, նոր ջրագծեր կանցկացվեն, պոմպակայանները կթարմացվեն, և նոր խնայողությունների արդյունքում սակագինը հնարավոր է իջնի:

Տեսանյութեր

Լրահոս