ՀՀ-ԵՄ հարաբերությունները հստակեցվում են, Ռիգայում առաջընթաց կգրանցվի. Պետո Դեմիրճյան
«Եվրանեսթի նիստը Հայաստանում կարևոր միջոցառում է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների տեսանկյունից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի Հայ դատի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը` անդրադառնալով Հայաստանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստ գումարելու կարևորությանը: Նա հիշեցրեց, որ արդեն երկու անգամ է, ինչ Հայաստանը «Եվրանեսթի» աշխատանքներ է հյուրընկալում: Բայց, նրա փոխանցմամբ, առաջին անգամն է, որ Հայաստանում «Եվրանեսթի» լիագումար նիստ է տեղի ունենում:
«Հայաստանում «Եվրասնեսթի» մեկ հանձնաժողովի աշխատանք էր անցկացվել 2013թ. փետրվար ամսին, իսկ լիագումար նիստը բավականին նշանակալի ու բացառիկ իրադարձություն է, որը ցույց է տալիս, որ կողմերը հանձնառու են շարունակել համագործակցությունը: ՀՀ-ն ցույց է տալիս, որ Հայաստանը միացավ ԵՏՄ-ին, բայց երբեք չթողեց դեպի Եվրոպական միություն իր հայացքն ու քաղաքականությունը: Կարծում եմ, որ այս միջոցառումը նշան է, որ նախնական շոկը եվրոպացիների կողմից անցել է, Հայաստանի կողմից վերահաստատում կա, որ ՀՀ-ն պետք է շարունակի Եվրոպական միության հետ իր կապերը, որքան, որ համատեղելի լինի Եվրասիական տնտեսական միության հետ»,- նշեց Պետո Դեմիրճյանը:
Ըստ նրա, ՀՀ-ԵՄ համագործակցության սահմաններն առայժմ հստակեցված չեն, բայց հստակեցման ճանապարհին են: Դեմիրճյանը լիահույս է, որ Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում նոր առաջընթացի և նոր քայլերի ամրագրում տեղի կունենա: «Կարծում եմ, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների քաղաքական բաժինը կպահպանվի, պարզապես պետք է հասկանալ` ինչպես համատեղել քաղաքականը` ԵՄ-ի, իսկ տնտեսականը ԵՏՄ-ի հետ»,- ասաց Պետո Դեմիրճյանը: