Մեր իշխանության տարիներին եռապատկվել են Թուրքիայի տնտեսական ցուցանիշները. Էրդողան
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի անախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ Կարսում մասնակցել է «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) կառուցման հիմնարկեքի արարողությանը, որին մասնակցել են նաև Վրաստանի ու Ադրբեջանի նախագահներ Գեորգի Մարգվելաշվիլին ու Իլհամ Ալիևը:
Իր ելույթում Էրդողանը հայտարարել է, որ իրենց կառավարման ավելի քան 12 տարում (Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) Թուրքիայում իշխանության է եկել 2002 թվականի աշնանը – 168.am) Թուրքիան մեծ նվաճումներ է ունեցել ժողովրդավարության ու տնտեսական ոլորտներում:
Էրդողանի խոսքերով՝ իրենց իշխանության տարիներին եռապատկվել են Թուրքիայի տնտեսական ցուցանիշները. «Մեր իշխանության գալու ժամանակ մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամտի չափը կազմում էր 3500 դոլար, մինչդեռ մենք այն հասցրինք մինչև 11.000 դոլարի: Այն ժամանակ արտահանման ծավալը կազմել է 36 միլիարդ դոլար, իսկ մենք այն հասցրինք մինչև 158 միլիարդ դոլարի:
Զբոսաշրջությունից ստացվող 12.5 միլիարդ դոլարը հասցրել ենք 34.5 միլիարդ դոլարի մակարդակի: Միմյանցից արգելապատնեշով բաժանված ավտոճանապարհների երկարությունը 6100 կիլոմետրից հասցրել ենք 17.590 կիլոմետրի: Կառուցել ենք նաև օդանավակայաններ, ճեպընթացների երկաթուղագծեր, ամբարտակներ և այլն»:
Էրդողանն անդրադարձել է նաև մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) Թուրքիայի տնտեսական պլաններին, որոնց համաձայն՝ արտահանման ծավալը պետք է հասցվի 500 միլիարդ դոլարի, ազգային եկամտի չափը՝ 2 տրիլիոն դոլարի, գործազրկության ցուցանիշը պետք է լինի միանիշ թիվ, կրճատվելու է նաև ինֆլյացիան: