ՀՀ բնապահպանության նախարարությունը ներկայացրել է 2014թ. գործունեության արդյունքները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
ՀՀ 2014 թ. պետական բյուջեով բնապահպանության նախարարությանը ծրագրվել է հատկացնել 2610.9 մլն դրամ, ևս 686.9 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում նախատեսվել է տարվա ընթացքում, իսկ նախարարության համակարգի ՊՈԱԿ-ների գործունեության ֆինանսավորման նպատակով պետական բյուջեից դրամաշնորհի ընդհանուր գումարը կազմել է 892.3 մլն դրամ: ՀՀ բնապահպանության նախարարության վերահսկողության տակ գտնվող բնապահպանական և բնօգտագործման վճարների մասով պետական բյուջե կատարված գանձումները կազմել են 2300.6 մլն դրամ՝ 2013 թ. 1658.2 մլն դրամ գումարի համեմատ: «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 11 համայնքի տրամադրվել է սուբվենցիա՝ ավելի քան 245.0 մլն դրամի չափով: 2015 թ. պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաների գումարը կազմում է 296.9 մլն դրամ, ընդ որում` բնապահպանական ծրագրերի իրականացման համար սուբվենցիա կտրամադրվի 14 համայնքի:
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը զեկուցել է ըստ ոլորտների նախարարության համակարգում կատարված աշխատանքների մասին: Մասնավորապես, ՀՀ կառավարության 2014 թ. սեպտեմբերի 25-ի որոշմամբ հաստատվել է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2015 թ. տարեկան ծրագիրը», մշակվել և ներկայացվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրման նպատակով 2014 թ. պետական բյուջեի միջոցների հաշվին «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրի շրջանակում Սևանա լիճ է բաց թողնվել ամառային իշխանի 200.0 հազ. հատ (3 և ավելի գրամ) և գեղարքունիի 166.7 հազ. հատ (5 և ավելի գրամ) մանրաձուկ: Ընդունվել է բնապահպանության ոլորտը կանոնակարգող 5 օրենք, ՀՀ կառավարության 30 և ՀՀ վարչապետի 5 որոշում, որոնցից առավել կարևոր են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը և «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և օգտագործման բնագավառի 2014-2020 թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:
Մշակվել է «Բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի ծառահատումների կանխարգելման միջոցառումների» ծրագիրը, «Դիլիջան» ազգային պարկում իրականացվել են անտառտնկման, բնության հատուկ պահպանվող տարածքներում՝ սահմանների քարտեզագրման, ճշգրտման և գեոտեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքներ:
Ջրային ռեսուրսների պահպանության և կառավարման բնագավառում քայլեր են կատարվել Սևանա լճի հիմնահարցերի լուծման նպատակով, և արդյունքում լճի բարձրացման ցուցանիշն այսօր 0.89 մ-ով գերազանցում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված լճի մակարդակի բարձրացման տեմպի ցուցանիշը: Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ են իրականացվել Նորատուսի (17 հա), Մարտունու (34.2 հա) և Վարդենիսի (98.8 հա) տարածաշրջաններում:
Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրները կարգավորելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը», համաձայն որի՝ արգելվում է Արարատյան դաշտավայրում նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, իսկ Արարատի և Արմավիրի մարզերում ջրօգտագործումը պետք է հասցվի 1/3 չափի: Շահագրգիռ մարմինների հետ համատեղ Արարատի և Արմավիրի մարզերի համապատասխանաբար 57 և 89 համայնքներում իրականացվել է հորատանցքերի հաշվառում, 2014 թ. հուլիսի 16-ից մինչև տարեվերջ լուծարվել, կոնսերվացվել և փականային ռեժիմի է բերվել 266 հորատանցք, որի արդյունքում խնայվել է մոտ 23 632.8 լ/վ ջուր, ինչը տարեկան կազմում է մոտ 745.3 մլն խմ: Առաջիկայում աշխատանքներ են տարվելու համայնքային նշանակության և ջրօգտագործող ընկերություններին պատկանող հորատանցքերի ուղղությամբ:
Նպատակային աշխատանքներ են իրականացվել մթնոլորտային օդի, ընդերքի և հողերի պահպանության, վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման, շրջակա միջավայրի վրա ներգործության պետական մոնիթորինգի և բնապահպանական պետական փորձաքննության բնագավառներում, շարունակվել է համագործակցությունը միջազգային կառույցների, միջազգային բնապահպանական կոնվենցիաների և նախաձեռնությունների շրջանակում:
Ամփոփելով հաշվետվությունը և անդրադառնալով նախարարության 2015 թ. անելիքներին՝ վարչապետը կարևորել է բնապահպանական ծրագրերի շարունակական և արդյունավետ իրականացումը: Հովիկ Աբրահամյանն Արամայիս Գրիգորյանի ուշադրությունը հրավիրել է ապօրինի ծառահատումների խնդրի վրա և հանձնարարել, որ նախարարն անձամբ ամենօրյա ուշադրության կենտրոնում պահի խնդիրը և պարբերաբար զեկուցի վարչապետին: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև ապօրինի շահագործվող հորատանցքերի բացահայտման աշխատանքների շարունակումը, ապօրինի ջրօգտագործողների, ինչպես նաև պոչամբարների նկատմամբ պատշաճ վերահսկողությունը և հանձնարարել նախարարին հետևողական լինել այս հարցերում: