Արևմուտքն ակտիվացրել է իր ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ, պարզապես իրատեսական առաջարկ չունի. Լիլիթ Գևորգյան

«Չեմ կարծում, թե մոտ ապագայում կտեսնենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ լուծում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մեծ Բրիտանիայի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով հեղինակավոր վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի առաջարկներին ու պայմանավորվածություններին:

Լիլիթ Գևորգյանը համաձայն չէ, որ վերջին շրջանում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը գտնվում է մեծապես արևմտյան համանախագահների «կառավարման» ներքո: Սակայն, ըստ նրա, նկատելի է, որ արևմտյան համանախագահներն ուկրաինական ճգնաժամի բռնկումից հետո ակտիվացրել են իրենց ջանքերը, ինչը պայմանավորված է հայ-ադրբեջանական շփման գծում բախումերի աննախադեպ աճով, ինչպես նաև՝ համանախագահների մտավախությամբ, որ Ուկրաինայի սահմանների վերաձևումը կարող է առիթ հանդիսանալ, որ Լեռնային Ղարաբաղում 20 տարուց ավելի տևող ստատուս-քվոն փոփոխվի, մանավանդ, երբ հանրային ուշադրությունն Ուկրաինայի վրա է սևեռված:

«Եվ երրորդ պատճառն այն է, որ ևս մեկ անգամ Արևմուտքն արծարծեց վաղուց հայտնի այն փաստը, որ տարածաշրջանային հակամարտություններն արդյունավետ գործիք են Ռուսաստանի համար՝ հակամարտող կողմերին իր հսկողության տակ պահելու համար: Հայաստանի կտրուկ և, ինչպես երևում է, Ռուսաստանի կողմից պարտադրված որոշումը՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը լքելը, դրա լավ օրինակն է: Եթե արևմտյան միջնորդները հասնեն այս հակամարտությունների վերջնական լուծմանը, ապա այն կուժեղացնի թե՛ տարածաշրջանային անվտանգությունը, թե՛ կնվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը»,- նման տեսակետ հայտնեց Լիլիթ Գևորգյանը:

Հարցին, թե Ռուսաստան-Արևմուտք առճակատման պայմաններում և ուկրաինական հակամարտության ֆոնին, երբ հակասություններ ունեն նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որքանո՞վ արդյունավետ կարող է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համաժողովի ձևաչափը հենց հիմա, նա արձագանքեց՝ ասելով. «Ուկրաինական հակամարտությունը, չնայած արևմտյան միջնորդների վերոհիշյալ մտավախություններին, էական ազդեցություն չի ունեցել ո՛չ ԼՂ հակամարտության, ո՛չ էլ Ռուսաստանի հետ հենց այս հակամարտությանը վերաբերող բանակցությունների վրա, քանի որ Ռուսաստանն իր դիքորոշումն այս հարցում չփոխեց:

Եթե Մոսկվան Ղրիմի դեպքում ազգերի ինքնորոշման իրավունքի եռանդուն ջատագովն է, ԼՂ-ի դեպքում այն երկակի չափանիշ է կիրառում և ակնհայտորեն առավելություն չի տալիս ինքնորոշման իրավունքին, կամ էլ տարածքային ամբողջականության իրավունքին: Ներկայում Ռուսաստանը հետաքրքրված չէ այս կամ այն միջազգային իրավունքի սկզբունքով ԼՂ հակամարտությունը լուծելու համար: Ուստի չեմ կարծում, թե մոտ ապագայում կտեսնենք ԼՂ հակամարտության համապարփակ լուծում»:

Մեկ այլ դիտարկման, թե ինչո՞ւ է այս գործընթացը մեկնարկում աշխարհաքաղաքական զարգացումների ներկայիս պայմաններում, և ո՞րն է Արևմուտքի նպատակը, Գևորգյանը պատասխանեց՝ նշելով, որ ԼՂ և այլ հակամարտությունների լուծումը կազատի ներգրավված երկրներին ծանր արտաքին քաղաքական բեռից և կնվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը, որն այս պահին ավելի շատ «հակամարտությունների կառավարմամբ» է հետաքրքրված, քան դրանց լուծմամբ: «Իհարկե, այլ խնդիր է, որ Արևմուտքն այս հակամարտությունները լուծելու իրատեսական առաջարկ չունի»,- ասաց Լիլիթ Գևորգյանը:

Հիշեցնենք, որ օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության գծով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկն այցելել են Մինսկ, որտեղ նրանց ընդունել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը:

Վերջինս հանդիպման ժամանակ հայտարարել է, որ բելառուսական կողմը պատրաստ է հյուրընկալել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ բանակցությունները.

«Ես կցանկանայի հաստատել ԼՂ-ի վերաբերյալ խաղաղության բանակցություններն ընդունելու մեր պատրաստակամությունն այն ժամկետում, որը նախատեսված է ԵԱՀԿ-ի համապատասխան որոշումներով: Եթե անհրաժեշտ է, մենք կարող ենք ապահովել նաև բանակցային գործընթացի եզրափակիչ փուլի անցկացման տեղ՝ համապարփակ խաղաղության համաձայնագիր մշակելու համար»:

Բելառուսի արտգործնախարարը համանախագահների այցը Մինսկ որակել է՝ որպես պատմական. «Բելառուսը վճռականորեն աջակցում է ԵԱՀԿ-ի ջանքերին՝ ուղղված տարածաշրջանային անվտանգության ու կայունության ուժեղացմանը, գոյություն ունեցող ու ձգձգվող հակամարտությունների համար խաղաղ որոշումներ գտնելուն, ներառյալ՝ Ղարաբաղյան հակամարտությունը: Մենք պատրաստ ենք նաև ունենալ մեր ներդրումը, ինչպես որ մենք դա արել ենք ուկրաինական ճգնաժամի համատեքստում»: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր հերթին՝ հայտարարել էր, որ Մինսկում քննարկումներն արդյունավետ էին, և անհամբեր սպասում է Մինսկի խմբի բոլոր անդամների հետ աշխատանքին: Խոսքը, ենթադրաբար, Մինսկի խմբի համաժողով հրավիրելու մասին է, որի մասին հստակ տեղեկատվություն դեռ չկա:

Տեսանյութեր

Լրահոս