Բաժիններ՝

ԿԲ նախագահը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակության հետ 

Մարտի 16-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Ջավադյանն արդյունավետ է գնահատել ՀՀ ԿԲ և Եվրոպական ներդրումային բանկի միջև զարգացող գործակցությունը, որի առաջին և շոշափելի արդյունքը 2014 թ. դեկտեմբերին ստորագրված 50 մլն եվրո ծավալով վարկային համաձայնագիրն է, որի միջոցներն ուղղվելու են գյուղմթերքների մշակման, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում գործող ՓՄՁ-ների զարգացմանը:
Պարոն Ջավադյանը նշել է, որ ինչպես Կենտրոնական բանկը, այնպես էլ ՀՀ բանկերը մեծ փորձ ունեն միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ գործակցության ոլորտում, և մինչ օրս վերջիններիս հետ իրականացվել են ներդրումային և ոլորտային ֆինանսավորման բազմաթիվ ծրագրեր:
Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերն իր հերթին գոհունակություն է հայտնել նշյալ կառույցի և ՀՀ կենտրոնական բանկի միջև արդյունավետ գործակցության վերաբերյալ: Վերջին մեկ տարվա ընթացքում բանկի աշխատանքները ԿԲ հետ ցույց են տվել, որ ՀՀ ԿԲ-ն թե իր մասնագիտական, թե իր վերլուծական ներուժով ի զորու է արդյունավետորեն իրականացնելու նախատեսված ծրագրերը:
Արթուր Ջավադյանը նշել է, որ գյուղմթերքների մշակման, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների ՓՄՁ-ների վարկավորման ծրագրերից բացի՝ ՀՀ կառավարությունը պատրաստ է Եվրոպական ներդրումային բանկի հետ քննարկելու ինչպես հանրային ոլորտի, այնպես էլ ենթակառուցվածքների ներդրումային ծրագրերը և հույս է հայտնել, որ պարոն Մոլտերերի՝ ՀՀ իշխանության տարբեր մարմինների հետ բանակցությունների արդյունքում նման ծրագրեր կնախանշվեն:
Հյուրերի խնդրանքով ՀՀ կենտրոնական բանկի նախագահը ներկայացրել է ՀՀ ֆինանսական համակարգի ներկա վիճակը, վերջին շրջանում ԿԲ կողմից իրականացված միջոցառումները:

ՏԵՂԵԿԱՆՔ

Եվրոպական ներդրումային բանկը` Եվրոպական միության բանկերից մեկը, ՀՀ-ում իր ծրագրերը ֆինանսավորում է ԵՄ խորհրդի և Եվրոպական Կառավարության՝ Արևելյան Գործընկերության երկրների մանդատի շնորհիվ: Ըստ 2014-2020 թթ. մանդատի՝ ԵՄ-ի և իր Արևելյան Գործընկերների համար կարևորություն ունեցող ծրագրերին աջակցելու նպատակով 4.8 մլրդ եվրո կտրամադրվի Արևելյան Գործընկերության բանկային ֆինանսավորմանը՝ տեղական մասնավոր հատվածի զարգացման, սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների և կլիմայական փոփոխությունների ոլորտներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս