Դավիթ Սանասարյանը նամակագրություն է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Լոս Անջելեսից հայտարարություն էր տարածել, որտեղ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները քաղաքական ուժերի հետ գնահատել էր «ինքնանպատակ»:

Հիշեցնենք, որ այդ հանդիպումներին մասնակցել են նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ինչն էլ արժանացել էր Զարուհի Փոստանջյանի կոշտ քննադատությանը:

168.am-ը «Ժառանգության» մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանից հետաքրքրվեց՝ արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի այս հայտարարությունը նաև գնահատակա՞ն էր Արմեն Մարտիրոսյանի և Ռուբեն Հակոբյանի քայլին: Ի պատասխան Դավիթ Սանասարյանը պատասխանեց, թե ինքը Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթին ավելացնելու ոչինչ չունի և չի ուզում մեկնաբանել այն: Նրա խոսքով՝ կուսակցության առաջնորդն ինքը Հայաստան վերադառնալուն պես համապատասխան հայտարարությամբ հանդես կգա:

Մենք Դավիթ Սանասարյանից հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք այս ընթացքում ինքը հեռախոսազրույց կամ որևէ կապ ունեցե՞լ է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, և ի՞նչ  դիրքորոշում ունի Րաֆֆի Հովհաննիսյանը կատարվածի կապակցությամբ: Դ. Սանասարյանը տեղեկացրեց, որ ինքը նամակագրություն է ունեցել կուսակցության առաջնորդի հետ, բայց հարկ չհամարեց հրապարակել իրենց զրույցը:

Կարդացեք նաև

Դ. Սանասարյանի խոսքով՝ այժմ «Ժառանգությունում» նորմալ վիճակ է:

Հարցին՝ այս ընթացքում հանդիպել կամ որևէ շփում ունեցե՞լ են իրար հետ Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը և Ռուբեն Հակոբյանը՝ Դ. Սանասարյանը պատասխանեց, որ ինքը նման տեղեկություններ չունի:

Նաև հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է նախատեսվում անցկացնել «Ժառանգության» նիստը, որի ժամանակ քննարկվելու է նաև Արմեն Մարտիրոսյանի և Ռուբեն Հակոբյանի՝ նախագահի հետ ունեցած հանդիպման նպատակահարմարությունը: «Ժառանգության» մամուլի խոսնակը պատասխանեց, որ նիստը տեղի կունենա Րաֆֆի Հովհաննիսյանի Հայաստան ժամանելուց հետո, բայց չհստակեցրեց՝ կոնկրետ երբ՝ ասելով՝ «առաջիկայում, շատ չի ուշանա»:

 

Տեսանյութեր

Լրահոս