ԵՏՄ-ին միանալու Հայաստանի որոշումը պայմանավորված էր անվտանգության ապահովման խնդիրներով

Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշումը պայմանավորված էր անվտանգության ապահովման խնդիրներով, սակայն Սերժ Սարգսյանին տրված անվտանգության երաշխիքները չեն ապահովվել: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Եվրանեսթի խորհրդարանական համաժողովի շրջանակներում Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին:

Ըստ նրա՝ ապացույցը, որ ՀՀ-ին խոստացված անվտանգությունը չի ապահովվել, դրանից հետո շփման գծում լարվածության ավելացումն է:

Ք. Բոբինսկին նշեց, որ ՀՀ-ն ներկայումս բանակցում է ԵՄ հետ՝ հասկանալու համար, թե ինչ փաստաթուղթ կարելի է ստորագրել և ինչպես կարելի է շարունակել համագործակցությունը, ինչի համար առաջիկա 2 ամսվա ընթացքում անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանի կառավարության կամքը, այլև ԵՄ 28 պետությունների համաձայնությունը, ինչն այս պահին դեռևս ձեռք բերված չէ:

«Եթե Ռիգայում ակնկալվում է ստորագրել ինչ-որ շրջանակային համաձայնագիր կամ այլ կարգի համաձայնագիր, պետք է նաև հաշվի առնել, որ մինչև Ռիգայի գագաթնաժողով քիչ ժամանակ է մնացել, ժամանակ չկա»,- ասաց նա՝ հավելելով, որ այժմ Եվրոպան շատ ավելի հետաքրքրված է Արևելյան գործընկերության երկրներով, քան 5-6 տարի առաջ: Սակայն, ըստ նրա, դեռ դժվար է խոսել, թե Եվրոպան Հայաստանին անվտանգության ինչ երաշխիքներ կարող է տալ:

Տեսանյութեր

Լրահոս