Վրաստանի ԱԳՆ-ը ՌԴ-ին մեղադրել է Ժնևյան միջազգային բանակցությունները խաթարելու փորձի մեջ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ը Ռուսաստանին մեղադրել է սադրիչ գործողությունների դիմելու մեջ, որոնք միտված են Ժնևյան միջազգային բանակցությունները խաթարելուն:

Ավելի վաղ Կրեմլի մամլո ծառայությունը հայտնել է, որ մարտի 18-ին, երբ Ժնևում կանցկացվի միջազգային բանակցությունների 31-րդ փուլը, Մոսկվա կայցելի Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Թիբիլիովը, որին կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Պլանավորված է Պուտինի ու Թիբիլիովի բանակցությունների արդյունքներով ստորագրել «դաշնակցության ու ինտեգրման մասին» պայմանագիր:

Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Դավիթ Դոնդուան հայտարարել է, որ երկկողմ հանդիպումներում իրենք բարձրացնելու են այդ հարցը. «Ոչ վաղ անցյալում Կրեմլը հայտարարել է, որ Ցխինվալի հետ այսպես կոչված դաշնակցային պայմանագիր է ստորագրելու հենց մարտի 18-ին: Շատ բարդ է պատկերացնելը, որ դա պատահական համընկնում է:

Դա նպատակամղված քայլ է՝ ուղղված Ժնևյան բանակցությունները խաթարելուն: Մենք այդպես ենք ընկալում Ռուսաստանի այդ սադրիչ քայլը: Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում ակտիվացնել աշխատանքներն անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծման ուղղությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս