
Ռուսաստանում ցուցադրվել է «Ղրիմ. վերադարձ դեպի հայրենիք» վավերագրական ֆիլմը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքը ցուցադրել է Անդրեյ Կոնդրաշովի «Ղրիմ. վերադարձ դեպի հայրենիք» վավերագրական ֆիլմը, որում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացնում է Ղրիմը Ռուսաստանին միացնելու մանրամասները:
Պուտինը նշել է, որ անձամբ է զբաղվել Ղրիմի հարցով՝ շարունակ ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ դա արել է թե՛ Ղրիմի, թե՛ Ռուսաստանի բնակիչների համաձայնությամբ:
Պուտինը հայտարարել է, որ Ղրիմի թերակղզում իրադարձությունների անբարենպաստ զարգացման դեպքում Ռուսաստանը պատրաստ է եղել ցանկացած սցենարի՝ մանրամասնելով, որ երկրի միջուկային ուժերը մշտապես գտնվում են մարտական պատրաստության մեջ:
Ֆիլմում Պուտինը պատմում է Ուկրաինայի արդեն նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին փրկելու գործողության մանրամասների մասին: Պուտինի խոսքերով՝ ռուսական կողմը Յանուկովիչին դարանից փրկել է Խարկովից Ղրիմի ընթանալիս, սակայն դրանից հետո Յանուկովիչը չի ցանկացել լքել Ուկրաինան և ռուսական կողմի օժանդակությամբ նա հայտնվել է Ղրիմում:
Եվ երբ օրեր անց Յանուկովիչը համոզվել է, որ չի կարող իշխանության վերադառնալ Կիև, ռուսական կողմը նրան տեղափոխել է Ռոստով: Պուտինը պատմել է նաև նախորդ տարվա փետրվար-մարտին Ղրիմն ամրոց դարձնելու գործընթացի մանրամասների մասին, ինչը վերաբերում է ցամաքից, օդից ու ծովից այնտեղ ներխուժելու փորձերը կանխելու մասին:
Պուտինը պատմել է Ղրիմի դեպքերի կապակցությամբ ՆԱՏՕ-ին հակազդելու և թերակղզում «կանաչ մարդուկների» հայտնվելու մասին, որոնք իրենց պահել են բավական հարգալից: Պուտինը պատմել է նաև Ղրիմում հանրաքվեի անցկացման մասին: Վերջում Պուտինը ներկայացրել է թերակղզու սոցիալ-տնտեսական զարգացման պլանները: