Բաժիններ՝

Աբդուլլահ Գյուլը բացառել է քաղաքականություն վերադառնալը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ չունի առաջիկա (հունիսյան) խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու ամենափոքր իսկ ցանկություն.

«Ներկայումս ես չունեմ տվյալ ուղղությամբ որևէ պլան: Ներկա փուլում խոսք չի կարող գնալ քաղաքականություն վերադառնալու մասին»: Գյուլը հայտարարել է, որ իր քաղաքական փորձը շարունակում է ծառայել թուրքական պետությանն ու ժողովրդին, սակայն հավելել է, որ դրա համար չկա քաղաքականությամբ ակտիվ զբաղվելու որևէ անհրաժեշտություն:

Գյուլի այս հայտարարությունը հնչել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու կառավարության առանցքային դեմքերի արած վերջին հայտարարություններից հետո, որոնցում նրանք ակնարկել են, որ Գյուլը կարող է վերադառնալ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ):

Մասնավորապես, Էրդողանը մարտի 6-ին հայտարարել է, որ տեղին կլիներ եթե Գյուլը վերադառնար քաղաքականություն: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ընդգծել է, որ եթե ԱԶԿ-ի հիմնադիրներից Գյուլը պատրաստ լինի վերադառնալ կուսակցություն, ապա դրա համար նրան անհրաժեշտ չէ հրավեր, և որ դռները մշտապես բաց են Գյուլի առջև:

Գյուլը հերքել է, թե իր վերադառնալու հարցը քննարկել է իր ընկերների հետ` նկատի ունենալով Էրդողանին ու իշխող կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս