Տլեն ու Ծգլը Գաստիկի «սպասավորներն» են և մշտապես կատարել են նրա ցուցումները. «Ժողովուրդ»

 «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է. «Արդեն հայտնի ճշմարտություն է, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում տեղի ունեցած քրեական աշխարհում հայտնի Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանությանը փոթորկել է ոչ միայն քրեական, այլ նաև քաղաքական դաշտը։ Ուստի զարմանալի էլ չէ, որ այս սպանության բացահայտումը հանձնարարվեց Ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի լուրջ, մանրակրկիտ և գաղտնի քննություն իրականացնի։ Ինչո՞ւ է ԱԱԾ-ն գաղտնի պահում Հիշեցնենք, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում սպանվել էին Լևոն Ղազարյանը՝ Երրորդմասցի Լյովիկ, Դերենիկ Թադևոսյանը՝ Դրոն, և Մեսրոպ Նազարյանցը։ Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ սպանությունը կատարել է Շենգավիթցի Գաստրիկը, որը վրեժ է լուծել Երրորդմասցի Լյովիկից՝ իրեն նվաստացնելու և դաժան ծեծի ենթարկելու համար։

Քրեական հեղինակության սպանությունից անցել 10 օր, սակայն մինչ օրս այս գործով քննությունը վերջնարդյունքին մոտեցող եզրահանգումներ չի հրապարակել։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունում որոշում է կայացվել, որ անգամ իրավապահ մյուս կառույցների հետ համագործակցության ֆորմատով քննարկվելիք հարցերը պետք է լինեն խիստ գաղտնիության շրջանակներում։ Ասել են, թե սպանության գործով որևէ ինֆորմացիա չպետք է դուրս սպրդի որևէ կառույցից՝ առանց նախաքննության մարմնի գիտության և ուղղորդման։ Ու եթե այլ քրեական գործերով լրագրողները հնարավորություն են ունենում շատ արագ ինֆորմացիա ստանալ տարբեր աղբյուրներից, ապա այս գործով գրեթե բոլոր աղբյուրները «ցամաքել են»։ Բայց գաղտնիության այս շղարշի ներքո «ժողովուրդ»-ին հաջողվեց ընդամենը որոշ մանրամասներ պարզել։ Հետախուզվողները 3-ն են, կսակածյալները՝ տասնյակ Երեկ ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում 1986թ. ծնված Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 1984թ. ծնված Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) և 1984թ. ծնված Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստրիկ) հայտնաբերելու ուղղությամբ։ Ըստ ոստիկանության՝ վերջիններս մեղադրվում են 2015թ. մարտի 4-իև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած սպանության մեջ։

 

Ովքե՞ր են Տլեն, Ծգլը և Գաստիկը Սարգիս Գրիգորյանը՝ Ծգլ, Սարգիս Հախանումյանը՝ Տլեն, որպես այդպիսին որևէ բանով հայտնի չեն լայն հանրությանը։ «Ժողովուրդ»-ը այցելեց նրանց բնակության վայր, որտեղ հարևանները զարմացած պատմեցին, որ չեն հավատում, թե նրանք կարող էին այդպիսի համարձակություն ունենալ, քրեական հեղինակության սպանել։ Հարևաններից շատերն էլ կարծիք հայտնեցին, որ միգուցե տղաների թիկունքում այնպիսի մարդիկ են կանգնած եղել, որ նրանք առանց վախի գործել ու համարձակորեն մարդ են սպանել։ Թերթի տեղեկություններով՝ իրականում Տլեն ու Ծգլը, Գաստիկի «սպասավորներն» են և մշտապես կատարել են նրա ցուցումները։ Ի դեպ, Տլեն տարիներ առաջ սպանված, քրեական աշխարհում հայտնի հեղինակություն համարվող «երրորդմասի բազարի Կյաժի» եղբոր՝ Գագուլի համախոհն է։ Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Տլեն և Գագուլը նախկինում գողություն կատարելու մեջ են մեղադրվել»։

Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս