«Հայանիստի դեպքը ո՛չ համաճարակ է, ո՛չ բռնկում». ջրծաղիկի տարածման դեպքը պարզաբանում է ԱՆ-ի աշխատակիցը

Օրերս լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց, որ Արարատի մարզի Հայանիստ համայնքի դպրոցում կրկին գլուխ է բարձրացրել ջրծաղիկ հիվանդությունը։

Ըստ Առողջապահության նախարարության (ԱՆ) տարածած հաղորդագրության՝ այսօր Հայանիստ գյուղում իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ 2015թ. հունվարին Հայանիստ համայնքում արձանագրվել է ջրծաղկի 12 դեպք, որից 3-ը՝ 2-5, 3-ը՝ 18-20 տարեկան, իսկ մյուսները` դպրոցահասակ երեխաներ: Մարտ ամսին համայնքում արձանագրվել է հիվանդության 7 դեպք, որից դպրոցական են 3-ը, այն էլ` տարբեր դասարաններից:

ԱՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ ջրծաղիկը սուր, բարձր վարակելիությամբ օժտված, օդակաթիլային մեխանիզմով փոխանցվող վիրուսային հիվանդություն է, որը տարածված է ամենուր: Մեղմ կլիմայական պայմաններում բնակչության առնվազն 90%-ը ջրծաղիկով հիվանդանում է մինչև 15 տարեկանը, իսկ նրանց առնվազն 95 %-ը` մանկական տարիքում: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վիրուսն անկայուն է շրջակա միջավայրում, հետևաբար, որպես կանոն, վարակը չի փոխանցվում երրորդ անձի և հիվանդի օգտագործած անձնական իրերի միջոցով:

Հիվանդության գաղտնի շրջանը 21 օր է: Ջրծաղիկը սովորաբար թեթև է ընթանում` աննշան ջերմությամբ, չափավոր ախտանշաններով և մաշկի բշտիկավոր ցանավորմամբ:

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում ԱՆ Հիվանդությունների վերացման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը նշեց, որ Հայանիստի դեպքը ո՛չ համաճարակ է, ո՛չ բռնկում է, դրանք եզակի արձանագրված դեպքեր են. «Մենք հերքել ենք մամուլում տարածված այդ տեղեկատվությունը, ըստ որի՝ կրկին ջրծաղիկ հիվանդությունը գլուխ է բարձրացրել Հայանիստ համայնքի դպրոցում: Դա իրականությանը չի համապատասխանում: 3 դեպք կա դպրոցահասակ, այն էլ՝ տարբեր դասարանների երեխաների մոտ, որն այս սեզոնի համար բավականին օրինաչափ է, և դիտարկել դա՝ որպես առանձնակի, առանձնահատուկ դեպք, ճիշտ չէ»:

Հարցին՝ ի՞նչ նշանակություն ունի ջրծաղկի համար սեզոնը, Լ. Թորոսյանն այսպես պատասխանեց.

«Շնչառական վարակների սեզոն է հիմա: Ես հենց այնպես չեմ նշել, որ ջրծաղիկը մանկական տարիքին ավելի բնորոշ հիվանդություն է: Ջրծաղիկն ունի 100 տոկոսանոց վարակելիության հատկություն, եթե կա թիրախ, եթե կա չհիվանդացած մարդ, ապա վարակի աղբյուրի հետ շփվելուց նա 100 տոկոս հիվանդանում է»:

Հետաքրքրվեցինք նաև՝ որո՞նք են այդ հիվանդության կանխարգելման միջոցները: Նա պատասխանեց՝ քանի որ այդ հիվանդությունն օդակաթիլային ճանապարհով է փոխանցվում, հիմնականում կանխարգելիչ միջոցներն ուղղվում են դեպքերի տեղայնացմանը և դրա հետագա տարածման կանխմանը. «Այսինքն՝ եթե կա հիվանդ երեխա, ապա նրան պետք է մեկուսացնել, չթողնել հաճախի մանկական, նախադպրոցական կամ դպրոցական կազմակերպություն: Չպետք է թողնենք, որ հիվանդը շփվի այլ երեխաների հետ: Սա է հիմնական կանխարգելիչ միջոցառումը, որն այսօր իրականացվում է ամբողջ Հայաստանում»:

 

Տեսանյութեր

Լրահոս