Մհեր Շահգելդյանը հաստատեց՝ ԲՀԿ-ականներից դիմումներ են ստացել ՕԵԿ-ին անդամագրվելու համար
Առաջիկայում ՕԵԿ-ը կհստակեցնի, թե ԲՀԿ անդամները, որոնք ի թիվս այլ մարդկանց հայտ են ներկայացրել անդամագրվելու ՕԵԿ-ին՝ կդառնա՞ն ՕԵԿ անդամ, թե՞ ոչ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանն՝ անդրադառնալով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հայտարարությանը, որ իր տեղեկություններով՝ ԲՀԿ-ից հեռացած պատգամավորներից մի քանիսը պատրաստվում են համալրել ՕԵԿ շարքերը:
Նա նշեց, որ այս ժամանակահատվածում բազմաթիվ մարդիկ են դիմել ՕԵԿ՝ անդամակցության համար, այդ թվում նաև ԲՀԿ-ից: Ըստ նրա՝ առաջիկայում այդ մասին ՕԵԿ-ը համապատասխան տեղեկատվություն կտարածի:
«Ինչ վերաբերում է պատգամավորներին, ապա եղել են ընկերական քննարկումներ ներքաղաքական իրավիճակի կոնտեքստում: Այսօր ՕԵԿ-ի քաղաքական օրակարգում ԲՀԿ-ական պատգամավորների ներգրավման խնդիր դրված չէ: Առավել ևս առջևում խորհրդարանական ընտրություններն են մեկնարկելու, ուստի մեր թիմին անհրաժեշտ են մարդիկ, որոնք կարող են իրենց վարկանիշով ռեալ աջակցություն ցուցաբերել կուսակցությանը: Բոլոր որոշումները մենք կընդունենք քննարկումների արդյունքում և հանրությունը կտեղանա այդ որոշումների մասին»,- ասաց քաղաքական գործիչը:
Հարցին՝ կնշե՞ք արդյոք անուններ, թե ԲՀԿ-ից ովքեր են դիմել ՕԵԿ-ին, Մ. Շահգելդյանը կրկնեց, թե կան դիմումներ, շատերն են դիմում, այդ թվում նաև ԲՀԿ-ից ՕԵԿ շարքերը համալրելու համար: Իսկ մնացածի մասին, ըստ նրա, հանրությունը տեղյակ կլինի առաջիկայում:
Հիշեցնենք, որ այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը տեղեկացրել է, որ ԱԺ 9 պատգամավոր դիմել է ՕԵԿ խմբակցություն նրանց մաս կազմելու համար: «Լսել եմ անձամբ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանից, ասաց, թե իրենք քննարկում են նպատակահարմարության հարցը»,- ասել էր Ադիբեկյանը։