Բաժիններ՝

ԱՄՆ-ի ու Կուբայի միջև հաստատվել է ուղիղ հեռախոսակապ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնն ու Հավանան վերականգնել են երկու երկրների միջև ուղիղ հեռախոսակապը: Այս մասին նշված է կուբայական ETECSA կապի օպերատորի տարածած հաղորդագրությունում. «Կուբայի ու ԱՄՆ-ի միջև հաստատվել է ուղիղ կապ»:

Ուղիղ հեռախոսակապի վերականգնումը հնարավոր է դարձել ETECSA-ի ու ամերիկյան  Domestic Telecom ընկերության միջև փետրվարին ձեռք բերված համաձայնագրի շնորհիվ: Ցայժմ երկու երկրների միջև հեռախոսազանգերն իրականացվել են երրորդ երկրների միջոցով, ինչը դրանք դարձրել է թանկարժեք:

ԱՄՆ-ի ու Կուբայի միջև փոստային ուղիղ հաղորդակցությունը խզվել է 1963 թվականին, ինչից հետո հեռախոսազանգերը, նամակները և նմանատիպ նամակագրությունն իրականացվել են այլ երկրների միջոցով:

2014 թվականի դեկտեմբերի 17-ին Վաշինգտոնն ու Հավանան հայտարարեցին, որ մտադիր են կարգավորել դիվանագիտական հարաբերությունները, ինչը պետք է տեղի ունենար ԱՄՆ-ի կիրառած բազմամյա բեռնարգելքի վերացումից հետո: Այս տարվա փետրվարի կեսին ԱՄՆ-ը վերացրեց Կուբայի դեմ սահմանած առևտրային պատժամիջոցների մի մասը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս