Ուկրաինան ԱՄՀ-ից այս տարի կստանա 10 միլիարդ դոլար
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է Ուկրաինային ընդհանուր 17.5 միլիարդ դոլարի վարկ հատկացնելու քառամյա ծրագիրը, որը նախատեսում է 2015 թվականի ընթացքում Ուկրաինային հատկացնել 10 միլիարդ դոլար:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, որի հաղորդմամբ՝ այդ 10 միլիարդ դոլարը պետք է օգնի մակրոտնտեսական իրավիճակի արագ կայունացմանն ու 2016 թվականից սկսած՝ տնտեսական աճի վերականգնմանը:
Այդ գումարից 5 միլիարդ դոլարի առաջին տրանշն Ուկրաինային կհատկացվի անհապաղ: ԱՄՀ-ի կողմից վարկի տրամադրումը կօգնի Ուկրաինայի Ազգային բանկի պահուստների մակարդակը բարձրացնելուն, երկրի դրամային հաշվեկշռի կայունացման համար կառավարության ձեռնարկած միջոցների խստացմանն ու կապիտալի արտահոսքի կանխմանը:
Ավելի վաղ Ուկրաինայի նաախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինային անհրաժեշտ օգնության չափը գնահատել էր 40 միլիարդ դոլար: